Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/428

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Օր մի իտալացի նկարիչը կատարյալ հաղթանակ մի տարավ պատկերահանդեսի մեջ՝ ուր ի լույս բերած էր յուր գեղեցիկ մեկ աշխատությունը։ Յուր անունը նույն ժամանակեն սկսավ հռչակ գտնալ, և ապագան ժպտիլ իրեն շլացուցիչ տեսարաններ ներկայելով յուր փառատենչ հոգվույն։

Մինչ Վիրճինիո ստացած հաջողությամբն էր արբշիռ, նույն ազդեցության ներքև նամակ մը ուղղեց յուր հայ բարեկամին ուր խանդավառ աղաղակով իմն կը կոչեր զայն ի փառս։

«Եկու՛ր, Երվանդ, կըսեր արվեստից առավելությանց վրա շատ մի խոսելե վերջը. եկուր, զի արվեստը համայն մարդոց տիեզերքն է։ Դու արվեստին ընտրելիներեն ես, ներելի չէ ուրեմն մեռցնել ինչ որ սահմանյալ է ի քեզ ապրելու ու փայլելու։ Նույն իսկ Սիրանույշդ առավել սիրույն արժանի պիտի համարի զքեզ եթե ազնիվ սրտիդ նվերին ավելցնես և տաղանդիդ շողը։ Կարողությունդ մեծագույն է քան զիմս, հետևապես մտածե թե ինչե՜ր կրնաս արտադրել։ Ի Հռովմ կսպասեն քեզ փառքն ու պատիվը, եկուր։ Արտաքսեցի զքեզ, երբ հիվանդ էիր, և արդ կը վերակոչեմ զի ոչ ևս անկար ես մարմնով, զի ժամանակ է աշխատելու։ Եկուր ի հավիտենական քաղաքն գեղեցիկ ուր հրավեր կարդան քեզ նկարչության անմահ հանճարները»։

Երբ կարդաց Երվանդ այդ նամակն, ամբողջ արյունն եռաց։ Ուրախացավ ի սրտե նախ բարեկամին հաջողության վրա, և ապա զգաց թե արվեստին հուրն հինքն կարծարծեր։ Կր բաղդատեր զանձն յուր Վիրճինիոյի հետ, և յուր ստորանալը կզգար ու անշքության մեջ իյնալը, զի քաջ գիտեր թե տաղանդն անգործությամբ կը ժանգահարի։

— Այո, Վիրճինիոն իրավունք ունի,— կըսեր Երվանդ,– անգործությունը մարդուս արժանապատվությունը կր ջնջե, արարածը կը նսեմացնե անասնական վիճակի առաջնորդելով զինքն։ Իբր անասո՞ւն մարդ դատապարտված եմ ուրեմն ներկայանալ իմ տարփելվույն հիշատակին։ Ուրիշներն արդյունք պիտի արտադրեն, հռչակ պիտի ստանան, մեծ ու պատկառելի պիտի հանդիսանան Սիրանույշի առջև, մինչդեռ ես գթության լոկ առարկա պիտի ըլլամ։