Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/466

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Խիստ չեմ, այլ արդար, բարեկամուհի՜ս, զի ով որ կարող է գործել և ընդհակառակն ուրիշի ձրի օգնության կը դիմե՝ այն կը հափշտակե անկարող աղքատաց իրավունքը, ընկերային գողություն մի կը գործե։

Վարդանույշ լռեց զի համոզվեցավ թե անհնարին էր անոր խորհուրդներն այլայլել։

Իսկ տիկին Երանյան հարեց.

— Լսեցի թե հարուստ ազգային ընտանիք մի՝ որուն հետ բնավ հարաբերություն չունիմ սակայն, ուսյալ վարժուհվո մի կը կարոտի, խոստանալով ըստ արժանվույն վարձատրություն հատուցանել։

— Տիկի՛ն, խնդրեմ առանց ժամանակ կորսնցնելու առաջարկել տվեք զիս,— թախանձեց Արաքսիա։

— Բայց մորդ հավանությունն ստացա՞ծ ես, աղջիկս,- հարցուց տիկինը։

— Պարագա կա, տիկի՛ն, որ ընդվզիլն առաքինություն է, և հնազանդությունը վատություն։ Որոշած եմ առաքինի լինել:

— Ուրեմն անհոգ եղիր,— ըսավ բարեսիրտ տիկինը, և այս խոսակցությունն որ տեղի կունենար հիվանդին քունին միջոցին՝ ընդհատվեցավ բժշկին այցելությամբը։

Բժիշկը զտիկին Վարսամյան լավ քննելե և ամեն սովորական հարց ու փորձերը կատարելե վերջը, հայտնեց թե հիվանդին վիճակը բավական ծանր էր, առանց սակայն վարանմունք ցույց տալու անոր բժշկվելուն վրայոք։

Արաքսիայի վախերը փարատվելով մորը նկատմամբ սփոփարար շունչ մ՚առավ, և փառք Երանյան տիկնոջ դրամական օգնության, հիվանդն ամեն նյութական և բարոյական սփոփանք կը վայելեր։

Երկու շաբաթ վերջը տիկին Վարսամյան ապաքինության վիճակի մեջ մտնելով՝ Վարդանույշ հանձն առավ վերջապես վերադառնալ յուր տունը, հետը տանելով բարեկամուհվույն անկեղծ երախտագիտական արտահայտությունքն՝ զոր առավել արտասվոքը կը հայտներ քան թե խոսքերովը։