Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/48

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և հեգնության մատնելու անգթաբար մարդկության աղիողորմ տրամները։ Եթե կանայք իրենց իրավանց պաշտպան ըլլային, եթե միությամբ իբրև թումբ կանգնեին ընդդեմ նախապաշարմանց և անիրավությանց հորձանաց որք զիրենք իբրև զոհված խաղալիք կ՚առնեն կը տանին, հայնժամ դիմադրության զորավոր ուժ մի կազմելով զեղծումները կը տապալեին, ինչպես և կը տկարացնեին սուտն ու կեղծավորությունը՝ գերության երկու չար ծնուդներն։ Բայց կանայք իրենց շահերը կանգիտանան, և անմիաբանությամբ նոր զենքեր կուտան իրենց դեմ։

Իսկ պճնասիրության գալով կը հասկնամ թե զարդարանքը կանանց համար էական խնդիր մ՚ըլլա զոր անոնցմե և ոչ մեկը կ՚արհամարհե, քանի որ ամենակարող գործիք մ՚է բնական ձիրքերն ի լույս հանելու և կամ ֆիզիկական թերությունները քողարկելու․ հետևապես այնու եղանակավ նա կը կատարելագործե կամ կը սրբագրե բնության ձեռագործը, գեղեցկին նկատմամբ ունեցած ճաշակին կատարելության համեմատ։

Գեղեցիկ կինը բնության հրաշակերտն է․ մագնիսական կետն է այն ուր կը ձգտին աչկունք և սիրտք․ իդեականն է զոր կերազեն արք. իրականությունն Է որ հիմքն ունի ճառագայթ մի, բույր մի, ժպիտ մի. այն ամենայն ինչն է որ կը գրավե, կը դյութե. զորություն մ՚է ըստ ինքյան, և կամ լավ ևս ըսեմ բնությունն ինքն Է բոլոր յուր սրտագին մրմունջովն, գողտրիկ դայլայլիկովը, փոթորիկովը, հանդարտությամբը, լուսովը, շուքովն և շարժմամբն։ Ամենայն ճոխություն ինչպես և գեղեցիկ ճաշակավ զարդ, ծանրագին շրջանակն է այդ մեծ կենդանի նկարին։ Սակայն այդ շրջանակը շարունակ փայփայվելով գեղն ու հարգը կը կորսնցե, և այդ չարաչար գործածությունն ի վնաս նկարին արժանյացն է․ ուստի զարդն որ զկին բարձրացնելու հատկությունը պիտի ունենար, յուր զեղծմամբը նվաստացնելու կը ծառայե, և դժբախտաբար այս իրողությունը մեր սեռը չէ ըմբռնած տակավին։

Չես մեղադրեր զիս անշուշտ, Մայտա՛, եթե ինքնահոժար մենակեցությամբ կ՚ապրիմ․ անախորժ և անպիտան ընկերության