Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/489

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թանձր ամպերով կը վարագուրեր յուր փայլուն երեսը: Ծառերը՝ դալկահար ու կորագլուխ իրենց անցյալ երիտասարդությունը կողբային, մինչ իրենց ոտիցն առջև գոս տերևները՝ որք երբեմն լուսով և կյանքով թրթռացած էին, հովուն խաղալիք եղած կը հալածվեին իրենց բնիկ ոստեն հեռու, ի սպառ անհետանալու համար զերդ օրհասական պանդուխտք:

Երբ դաշտն Ֆլորիայի՝ աշնանային տխրությամբ համակված, կողբա յուր կորուսյալ թարմ դալարաց և զարմանազան ծաղկանց վրա, հայնժամ խուռներամ զինյալ բազմություն մ՚որսորդաց սույն վայրեն անցնելով որոտացող կենդանություն մի կուտան իրենց շուներուն հաչյուններովն ու հրացաններուն պայթմամբը։

Գիրուկ լորամարգը մինչ օդին մեջ յուր ճարտար և օձապտույտ թռիչը կը փորձե հաղթանակի ճիչեր արձակելով շուրջ, ահա զարնված անգութ որսորդին գնդակեն՝ յուր երգն կընդմիջե ու բարձրեն գլորելով դաշտի չորցած խոտերուն մեջ կիյնա։ Շուները զվարթ աղաղակներով թռչնույն մահը կավետեն իրենց սեգ տիրոջն որ խրոխտալով գետնեն կը վերցնե յուր ավարը, ու նույնչափ կը փառավորվի որչափ մեծ հաղթության մի վրա։

Ուրեմն կիրակի աշնանային գեղեցիկ բայց մելամաղձային առավոտ մի իբր քսան հրավիրյալք մասնավոր կառքերով մեկնեցան Բերայեն Պոլիս երթալու համար, ուսկից շոգեկառք մտնելով հասան ի Ֆլորիա։

Ամենքն առավել կամ նվազ զվարթությամբ դաշտին այլ և այլ մասանց մեջ շրջագայեցին, վայրիկ մի իրարմե հեռացան զանազան ճամփաներե իրարու միանալու համար դարձյալ խնդալով և խոսելով։ Տիկին Աբգարյան աղու կամ խիստ նայվածքով կամ գրգռիչ բառով հույս մի կոգևորեր կամ կը փարատեր։ Տիկնոջ այդ ընթացքը նախանձորդներու մեջ եղած հակառակությունը կամ նախանձը վառ պահելու դիտավորությամբ էր պարզապես։

Արաքսիա ծառի մի ներքև նստած էր երկու աշակերտուհյացն հետ առանց այդ ընդհանուր շարժման մասնակցելու, մտածելով թե գուցե տհաճո լիներ տիրուհվույն յուր հրավիրելոց ընթացքին հետևելովն։