Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/491

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

յուր համեստ ընկերական վիճակին, ըսավ բորբոքելով.

- Տիկի՛ն, խոստովանեցեք սակայն որ ձեր շնորհաց հացի պատառը ոչ թե արգահատական փափուկ զգացումե հառաջ եկած է, այլ պարզապես վարձատրություն է այն թանկագին խնամոց համար որ օրիորդը կը մատուցանե ձեր զավակաց:

- Սպասավորուհիներես առավել ի՞նչ կը գործե նա արդյոք։

- Զարմանալի՜ նմանություն։ Ի՞նչպես կուզեք, տիկին, որ անուս գլուխ մի նույնչափ օգտակար լինի որչափ մշակված միտք մի և սիրտ մի որք տղայոց թե՛ մտաց և թե՛ սրտին ուղղություն կուտան։

— Եթե,— հարեց տիկին Աբգարյան, ևս առավել բորբոքելով,— եթե դաստիարակությունն այդչափ օգտակար ինչ լիներ՝ պետք չէր որ այդ աղջիկը հրամանատարությանս ենթարկվեր իբրև աղախին։

— Տիկի՛ն, ուսմունքը հարստության դուռ չի բանար միշտ. այլ զմարդ կազնվացնե, անոր սիրտը կը կրթե, միտքը կը բարձրացնե, և զգոն ու խելացի անձանց համարման արժանի կընե։

Տիկինն այդ խոսքերուն մեջ յուր ուսման չափավորության ուղղակի ակնարկություն մի նշմարելով կր պատրաստվեր դառնապես պատասխանելու՝ երբ դիտելով թե վարժուհին քանի մի քայլ հեռու նստած՝ երիտասարդի մը հետ կը խոսակցեր, բոլոր յուր սրտմտությունը անմեղ աղջկան վրա թափելով ըսավ․

— Օրիո՛րդ, զքեզ հոս բերած եմ որպեսզի զավակացս ծառայես և ոչ թե երիտասարդաց հետ խոսակցիս։

Աղջիկը շանթահար եղած այդպիսի անակնկալ ու անիրավ կշտամբանքե որ զյուր արժանապատվությունը կը քարկոծեր, ոտք ելավ և մեծանձն եղանակավ մ՚ըսավ.

– Տիկի՛ն, կարծեմ թե տղայոց նկատմամբ պարտազանաց չեմ գտնված քանի որ անոնք իմ քովս են. իսկ եթե այս պարոնին քանի մի խոսքերուն կը պատասխանեի՝ բնական հետևանք է այն ակնածության զոր հարկ է ինձ զգալ նկատմամբ այն ընտանյաց որուն հետ կը բնակիմ: