Jump to content

Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/496

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ի տես այդ արգահատական ու համակրալից զգացման Արաքսիա հուզվելով, զանոնք ուժգին սրտին վրա սեղմեց, ու արիանալով և աչերը սրբելով ըսավ.

— Օ՜ն, սիրուն և սիրեցյալ էակներս, չեմ ուզեր որ լաք․ այսօր պետք է ուրախ լինիլ, զվարճանալ և նոր ուժ առնուլ ձեր դասերը լավ ևս շարունակելու համար։ Ես ոչինչ ունիմ, նայեցեք, ես ևս ուրախ եմ։ Ոտք ելավ, առավ երկու մանկունքը ու սկսավ շրջագայիլ դեմքին շինծու զվարթություն մի տալով։

Ծառի մի ներքև առանձնացած էր Ներսես իբր թե քնանալու համար, և այսպես ամեն ընկերութենե հեռու էր։ Յուր սիրտն ևս կարյուներ Արաքսիայի կրած նախատանաց համար, ու կը բաղձար մոտենալ անոր ըսելու համար.

— Օրիո՛րդ, ես քու պաշտպանդ եմ, բնավ երկյուղ մի՛ ունենար։

Բայց այդ վարմունքը խոհեմություն չհամարելով, հողին վրա ընկողմանյալ մնաց, ու կը տեսներ զվարժուհին ինքն անտես մնալով։ Ուստի նշմարելով սրտաշարժ տեսարանը զոր կը ներկայեին տղայք հանդերձ օրիորդավն, բնազդմամբ ոտք ելավ հանկարծ ու սուրաց դեպ այն կողմն ուր կը գտնվեին մեր երեք անձինքն։

Անմիջապես որ երկու քույրերն տեսան իրենց եղբայրն, անոր ընդառաջ երթալով՝ անհամբեր Արմինեն ըսավ․

— Գիտե՞ս, եղբայր, մեր սիրելի օրիորդը կարտասվեր քիչ հառաջ. մեր սիրտն այնպես ցավեցավ որ մենք ևս սկսանք լալ իրեն հետ։

Իսկ Աղավնի անխոս ու աչերը գետինը հառած՝ այդ զրույցը հաստատեց արտասուքի շիթով մի որ յուր աչերեն վար գլորեցավ։

Արաքսիա նկատելով թե յուր տկարությունը կը մատնվեր այդ երկու անմեղ մատնիչներեն, այլագունելով ըսավ․

— Իրոք հանցավոր եմ երկու հրեշտակացս ուրախությունը խափանած լինելուս պատճառավ։ Բայց պիտի ջանամ քավել լիովին իմ հանցանքս։

Նկատելով թե իրենց սիրելի վարժուհին առանձին չէր, հորդորանոքն Ներսեսի՝ տղայքը քանի մը քայլ հեռացան դաշտային