Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/517

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մոտ կելներ անկողնեն։ Եվ արդարասեր լինելու համար՝ խոստովանելու է թե չուներ նա այն նողկալի սովորությունը շատ մի կանանց՝ որք սպասուհիները լրտեսի կը վերածեն իմանալու համար այլոց գաղտնիքը։ Գուցե յուր գոռոզությունն միակ պատճառն լիներ աղախնյաց հետ մտերմական ձևեր չառնելու։ Բայց փույթ չէ գիտնալ թե ինչ էր անոր շարժառիթը։ Սա ստույգ է որ զերծ էր ամենաչն հետաքրքրութենե յուր տան մեջ անցած դարձածն իմանալու։

Առավոտ մի տիկին Աբգարյան անձնական անհանգստության պատճառով պարտավորեցավ միջոց մի անկողնեն ելնելու։ Պատահմամբ աչերն ուղղվեցան դեպի պարտեզ, և հոն տեսավ զՆերսես որուն ընդառաջ կուգար վարժուհին զգուշավոր միջոցներ ձեռք առնելով սակայն։ Այդ բավեց յուր կասկածները զարթուցանելու համար. փոխանակ երթալ տեղն հանգչելու ինչպես մտադիր էր ընելու, նստավ պատուհանին առջև, ու ի շնորհս փեղկերուն՝ վկա եղավ անոնց տեսակցության որչափ որ ծառոց խիտ տերևները կը ներեին։ Ի վերջո Ներսեսին հեռանալը տեսավ, և քիչ մի վերջը հաստատեց վարժուհվույն իրեն հատկացյալ խուցը քաշվիլը հանդերձ աշակերտոքն։

Տիկին Աբգարյանի կատաղությունը չափ չուներ։ Սխալած չէ՜ր ուրեմն Ֆլորիայի զրոսանաց օրը. իրոք Ներսես զվարժուհին կը սիրեր, և երկուքր հաջողած էին զինքը խաբելու։ Ուստի խորհեցավ թե անպատճառ վրեժն պետք էր առնուլ անոնցմե:

Չէր ներեր Արաքսիայի աչերն բարձրացնել մինչև այն անվան որ ինքը կը կրեր։ Այդ բոկոտն արարածը, յուր վարձկանը, տիկին Աբգարյան կոչվի․ ոչ երբեք, զայդ հանձն չէր առնուր։

Յուր առաջին մտածությունն աղջիկը տունեն վանելն եղավ։ Բայց հետո միտքն փոխեց մտածելով թե նախ Ներսես իրեն թշնամի պիտի դառնար. և երկրորդ որ նախանձու զգացումը երևան պիտի ելներ։ Ինքը շատ հպարտ էր հայտնելու թե որևէ անձ յուր նախանձուն առարկա կրնար լինել՝ մանավանդ վարժուհի մի։ Իսկ երրորդ պատճառ մ՚ալ ուներ, ու այն զորավորագույնն էր։ Հաշվեց որ եթե զԱրաքսիան տունեն հեռացներ՝ երիտասարդին ունեցած հարաբերությանց աղջկան