Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/57

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մ՚ունին առնական գեղեցկությամբ օժտված դեմքին վրա․ յուր անունն է Տիգրան, և հավատա որ մեծանձնությամբ կը կրե այդ վեհ անունը։ Ինչպե՜ս սրտիս գաղտնիքը քողարկեմ քեզմե առանց խիղճ ընելու․ երբ դու հավաքեցիր արտասուքս, իրավունք չունի՞ս արդյոք երջանկությանս մարգրիտներն ալ քաղելու։ Ի՞նչպես կուզես որ Նախախնամությունը չօրհնեմ որ սիրո նշույլով կենացս խավարը լուսավորեց։ Կը սիրեմ զՏիգրան, և քանի որ զինքը կը սիրեմ, անզգալի եղան ինձ լքումս և առանձնությունս։ Անոր կորովույն մեջ կը գտնամ պաշտպան մի, և սիրույն մեջ՝ հայր մի։ Պիտի պատմեմ քեզ հարաբերությանցս բոլոր մանրամասնությունքը, և պատմելով կրկին անգամ պիտի վայելեմ զանոնք։

Ընդհանրապես գիշերները կը հավաքվինք մեր քարափանց վրա, ուր տիկին մայր Թորգոմատունին ստեպ կընկերակցի ինձ և աղջկանս, իսկ Լևոն երբեմն, մինչդեռ Հերիգան և յուր ամուսինը գրեթե երբեք։ Տիգրանին գալստենեն ի վեր Թորգոմատունի ընտանյաց անդամ մ՚ալ ավելցավ։

Գիշեր մի լուսինը կը տքներ հերկինս, հազարավոր աստղունք կը շրջապատեին զայն իբրև հսկող աչկունք․ և ոչ հով մի կը հուզեր ծովն որ կարծես թե հանդարտության մեջ կը հանգչեր։ Առանձին նստած էի քարափանց վրա աղջկանս հետ և կը մտախոհեի․ ազնիվ դրացիս ըստ սովորությանն՝ եկավ ինձ մոտ բազմեցավ, յուր օրինակին հետևեցավ նաև Տիգրան․ կը խոսակցեինք, սակայն Տիգրան յուր աշխույժ կորուսած էր, տխուր էր, իսկ յուր աչկունքն՝ որ վրաս հառյալ էին, լուռ պերճախոսությամբ զիս կը շփոթեին։ Գիշերվան մելամաղձային գեղեցկությունը, Տիգրանին ներկայությունն ու ձևն, այնպես զիս հուզեցին որ կարծես թե աներևույթ ձեռք մի սիրտս յուր ավերակներեն դուրս կը հաներ և վերակենդանություն կուտար անոր։ Զգացի հանկարծ աչքերուս խոնավնալը, և մատնտու արտասուք մի՝ որ կախված էր արտևանունքես։ Ուզեցի պահել զայն Տիգրանեն որ շատ իսկ դիտած էր արդեն այլայլությունս․ ոտքի վրա ելա աճապարանոք, և հովահարս որ սրտիս մասունքն եղած էր մորս նվերն ըլլալով, ծովուն մեջ գլորեցավ։ Ճիչ մի հանեցի, և երկրորդ հուսահատ ճիչ մ՚առաջինին հաջորդեց

35