Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/639

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խաղալիք լինելով, կօրհներ զյուր Աղավնին որ պատճառ եղած էր յուր կորուսյալ սիրելին իրեն վերադարձնելու։

Աղավնիի անունը լսելով՝ Արաքսիա հիշեց երախտագիտությամբ այն հրեշտակն զոր մոռցած էր վայրիկ մի յուր անձն արդարացնելու համար, և հարցուց անձկությամբ թե ե՞րբ և ո՞ւր տեղի պիտի ունենար իրենց տեսությունը։

— Ե՞րբ, չգիտեմ,— պատասխանեց Ներսես.— սակայն կրնամ հաստատել թե նույնիսկ հորս տան մեջ պիտի տեսնվիս քրոջս հետ։

— Հո՞րդ տան մեջ,— հարցուց Արաքսիա զարմանոք։

— Եթե տիկին Աբգարյան չուզեր որ յուր դավերը, խայտառակություններն և նամակներն երևան հանեմ, պարտական է բնավ ամենափոքրիկ դժվարություն չհարուցանելու քու այցելությանդ մասին,— ըսավ Ներսես եղանակավ մի, որ հայտնի էր թե խոսքերը կատակ չէին։

Երկու երիտասարդներն իրարու երկրորդելով հորդառատ և սիրավառ սրտերնուն ուխտերը, բաժնվեցան, Արաքսիա ընդ փույթ տիկին Հարթմանյանի ավետելու համար յուր երանությունն, և Ներսես տուն վերադառնալու մտոք։

ԳԼՈԻԽ ԿԳ.

Անհամբերությամբ կսպասեր Աղավնի եղբորը վերադարձին, իմանալու համար եթե հանդիպա՞ծ էր Արաքսիայի, և եթե հանդիպած՝ ի՞նչ հետևանք ունեցած էր յուր առաջարկը։

Բայց երբ Ներսես սենյակեն ներս մտավ, հիվանդն անմիջապես իմացավ որ նա ավետաբեր մ՚էր, ու քրոջն առջև, ոչինչ հայտնելու համար աչերովն հարցուց ինչ որ կուզեր հաստատապես իմանալ։ Ներսես մոտենալով մանկան և զայն գրկացը մեջ առնելով՝ հոգեբուխ համբույր մի տվավ անոր, ըսելով.

— Կամքդ պիտի կատարվի, ո՜վ դու իմ երջանկությանս պատճառը։

Աղավնի այդ խոսքերեն սա միայն հասկցավ թե պիտի տեսներ վերջապես զօրիորդն որուն տեսության կարոտ էր։

Ներսես սակավ ինչ երկու քույրերուն հետ կենալեն վերջը, երբ ոտք ելավ անոնցմե հեռանալու համար, Արմինե ուզեց