Jump to content

Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/647

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ցույցերուն համար, հետ որո արտորնոք պատրաստվելով կառք մի նստավ Ներսեսի հետ և հասավ յուր ծնողաց տունը։

Երբ Վարսամյանք տեսան իրենց դուստրը Ներսեսին հետ, անբացատրելի ուրախություն մ՚զգացին, զի թեև Արաքսիա ոչինչ ըսած էր, իրենք կասկած ունեին թե գուցե անախորժ դեպք մի պատահած էր աղջկան և Ներսեսին միջև, և թե Արաքսիա կը ծածկեր զայդ՝ խնայելով իրենց։

Երբ մանավանդ իմացավ տիկին Վարսամյան թե ինքն հրավիրյալ էր նույն միջոցին իսկ ի տուն պ. Աբգարյանի, կարծես թե պիտի հիմարեր կինն ուրախության սաստկութենեն. յուր ամուսին կողողեր իսկ նույն միջոցին ամեն տեսակ հոգատարությամբ և քաղցր բառերով։

Կը մտածեր տիկինը թե վերջապես պիտի հռչակեր ի լուր աշխարհի ստացած փեսայացուն։ Եվ մինչ գնաց պատրաստվելու գոնե քիչ մը վայելուչ զգեստյուք ներկայանալու համար Աբգարյան ընտանյաց, կը խորհեր թե Երանյանք որչա՞փ արդյոք պիտի նախանձեին հաստատելով տարբերությունն ընդ մեջ իրենց բոկոտն փեսացուին և յուր հարուստ Ներսեսին։

Իսկ Արաքսիա կը վայելեր յուր երջանկությունը լիաթոք, և վարանմամբ կր մտածեր թե յուր սիրելի Վարդանույշ իրեն չափ բարեբաստիկ պիտի լինե՞ր արդյոք։

Բնավ ոխ չէր սնուցաներ սրտին մեջ տիկին Աբգարյանի համար. ինքն երջանիկ էր և ամենուն կը ներեր։

Երեքը միատեղ կառք մտնելով հասան Աբգարյանց տունը։

ԳԼՈԻԽ ԿԶ.

Երբ տիկին Վարսամյան տեսավ ճոխությունը տան Աբգարյանց, հիացավ, սքանչացավ, և կարծես գոհունակութենեն փքացավ, մտածելով թե յուր աղջիկն այդպիսի փարթամ ընտանյաց պիտի վերաբերեր։

Պ. Աբգարյանի ընդունելությունը տիկին Վարսամյանի մասին խիստ վայելուչ էր. իսկ զԱրաքսիան հայրական գորովով ընդունեց, զի այդ միջոցին յուր ամուսինը տակավին ներկա չէր սենյակին մեջ։