Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/651

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

յուր մոր՝ և չարաչար կը հուզվեր այն առ երևույթս քաղաքավարական ընդունելության համար զոր հարկադրեցավ ի գործ դնել։

ԳԼՈՒԽ ԿԷ.

Սիսակ արձակած էր զպ. Գրիգոր անոր դրամական պահանջմանց գործադրությամբն, որով ինքզինքն ազատ համարելով ամեն վտանգե, ջանադիր էր անձնվիրությամբն ջնջելու հանձին Վարդանույշի ամեն հետք ցավոց։

Սա ևս կը վայելեր յուր երջանկությունն, երիտասարդական սիրալիր հոգվո մի բոլոր սաստկությամբը։

Բայց երբ իմացավ նշանախոսությունն յուր մտերմին ընդ Ներսեսի, ուրախությունը չափ չունեցավ։

Արդեն փոքրիկ կասկած մ՚ունեցած էր թե Արաքսիա անտարբեր չէր երիտասարդ Աբգարյանի նկատմամբ, բայց երբեք չէր ուզած կասկածն ստուգել որևիցե հարցմամբ, քանի որ յուր բարեկամուհին կատարյալ լռություն պահած էր այդ մասին։

Արաքսիա ներկայացուց Վարդանույշի զյուր խոսնայր, որ շուտով հին բարեկամի մը կերպարանքն առավ անոր առջև։

Օր մի երբ երեքը սենեկի մեջ առանձին նստած էին, Երանյանի դուստրը կը պատմեր յուր ցավագին արկածներն որք զինք մահվան դուռը տարած էին, առանց սակայն բնավ տիկին Աբգարյանի անունը տալու ի պատիվ Ներսեսի հետ ունեցած ազգականության, և կը հարեր թե ինք անօրենությունն ունեցած էր կասկածելու նույնիսկ Արաքսիայեն, երբ սա ժրաջան կերպիվ աշխատած էր զյուր երջանկությունն ապահովելու Սիսակի հետ։

— Գուցե պարագա մի կա որ կանգիտանաք,— ըսավ Ներսես։

— Ո՞րն է,— հարցուց Վարդանույշ։

— Այն է իմ դժբախտությունս՝ ձեզ նման զոհ լինելով նվաստ և անօրեն մեքենայությանց։

— Ի՞նչ կերպիվ,— հարցուց Վարդանույշ։

— Ճիշտ, իբր ձեզ, այս առաքինի Արաքսիայեն կասկածելով։