Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/662

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մահվան, ուստի աղջկանը վերջին վայրկյաններուն վրա հսկելու պաշտոնն անտարբերներու թողուց ըստ յուր բացատրության, որք կ՚ըսեր ոչինչ զգալով՝ կարող են այդպիսի տխուր պաշտոններ լավ կատարել։

Հետին ճգամբ մի հիվանդն իմացուց Արաքսիայի որ իրեն մոտենա։ Մանկամարդ կինը տղուն գլուխը վերցնելով թևին վրա կռթնցուց. օրհասական էակն նայեցավ յուր եղբոր նվաղուն աչոք, հետին նայվածք մ՚ալ ուղղեց առ Արաքսիա և ապա շունչն ավանդեց։

Արաքսիա սրտին վրա կը սեղմեր տակավին էակն այն որ ոչ ևս էր, այնքան զայն կորուսած լինելու գաղափարն անհնարին կը թվեր իրեն։

Բայց Ներսես հեռացնելով զայն այդ սրբազան նշխարեն ցույց տվավ ողորմելի հայրն որ կը մոտենար և որ ամեն մխիթարության կը կարոտեր։

Երեքը միատեղ խառնեցին իրենց սուգը, երեքը միատեղ լացին այն անշունչ մարմնույն վրա, երբ Արմինե սենեկեն ներս վազելով տղու մի անզուսպ ցավով եկավ ողբալու յուր քրոջն, յուր ընկերուհվույն վրա։

Մայրը միայն հեռու էր, զի կառարկեր յուր զգացման անչափությունն, և յուր անկարողությունը հանդիսական լինելու յուր զավկին անշունչ մարմնույն։

ԳԼՈՒԽ Հ.

Արաքսիա Բերայի ընտրելագույն փողոցի գեղեցիկ տուներեն միույն մեջ հաստատված էր հետն ունենալով հայրն ու մայրը։ Կը վայելեր ոչ միայն անբիծ և մշտատև սիրո ամուսնական երանությունն, այլ այն անբացատրելի գոհունակությունն ուներ նկատելով թե յուր ծնողաց կյանքը թշվառութենե ի բարեբաստություն փոխարկած էր։

Վարդանույշ ևս երջանիկ էր Սիսակին հետ. մեր երիտասարդն թեև ամեն ջանք կըներ իբրև զՆերսես հավատարիմ ամուսին լինելու, այլ մերթ ընդ մերթ շեղելով անձին գծած առաքինության խիստ ընթացքեն՝ խիղճ ընելու առիթներ կունենար։