Տիկին Սիրա առ Մայտա
Սիրելի՛դ իմ Մայտա, քու վրա ունեցած սերս մեծ ըլլալով ցնծությանդ կատարելապես կը մասնակցիմ։ Անմեղության սերը ծիածան մ՚ է, որ ճշմարտության փայլուն գույներով կը փայլի. զի չիք անդ կեղծ և շինծու բան։ Կույս սրտին մեջ ամենայն ինչ վստահություն, հավատք է և հույս. ամենայն ինչ կը նվագե անդ, կը ժպտի, նույնիսկ արտասուքը։ Հոն օրերն անստվեր են, ամենայն ինչ կը շողշողա. հավիտենական արշալույս մ՚է առանց գիշերվան, որ գեղանազ կը ժպտի հարատև գարնան։ Երանի՜ մատաղ սրտերուն որ կը նկատեն կյանքն իբրև թանկագին գոհար արփվույն շողերովն փայլող, և զոր հույսն ձեռամբը կը խնամե։ Թո՛ղ այդ անուշ ցնորքն Հուլիանեիդ․ թո՛ղ որ վայելե այդ կարճատև բայց գեղեցիկ ցնորքն որ կենաց բոլոր իրականությունը կ՚արժե: Արթնությունը շատ իսկ շուտ կը հասնի. թու՜յլ տուր ուրեմն իրեն յուր ոսկեզօծ երազները։ Հավատքը կյանք է, մինչ կասկածն երկարատև անգութ օրհաս մի. անմեղությունը հավատք է, իսկ փորձառությունը՝ կասկած։
Մայտա առ Տիկին Սիրա
Կյանքը հակապատկերաց շարք մ՚ է։ Գեղեցկաբույր ծաղկան մոտ որ դեպ երկինք կը նայի, կը տեսնես ուրիշ մ' որ դալկահար և գլխիկոր գետինը կը ծռի, կը դիտես մերձ ժպտին արտասուքը, մերձ կենաց մահը:
Հուլիանես որ թարմ գեղեցկությամբն ու բարեբաստությամբը կը փայլի, բարեկամություն հաստատեց հյուծյալ պատանվո մի հետ զոր կարծես թե մահն իբրև հարսն ընտրած է անձին։ Որբ մ' է նա. յուր մայրը մեռեր է ծննդաբերության միջոցին. գերեզմանեն ծլած ծաղիկ մ՚ է։
Պ․ Պետրոս Թ․․․ յուր հայրը, կենաց անդորրությունները կը մատակարարե այդ ախտաբեկ որբին. բայց ի՞նչ օգուտ քանի որ Հրանույշ զուրկ է մայրենի գորովեն։ Օտար շահախնդիր ձեռաց հանձնված էր կենացը խնամատարությունը։ Խեղճ հիվանդն Ասիո առողջարար օդեն եկավ դարման փնտրելու. յուր
48