Jump to content

Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/71

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բնակությունը մոտ է մերինին, որով ստեպ առիթ կունենանք զինքը տեսնելու։

Ծովեզերյա դաշտ մի կա մոտակա ափանց վրա բազմադարյա ծառերով հովանավորյալ։ Այդ ընդարձակ վայրին մեջ կը տիրե ահավոր լռություն մի զոր կընդհատե թռչնոց դայլայլիկը միայն։ Մերթ ընդ մերթ վանկ մի կը լսվի, ուրիշ մի կը պատասխանե առաջնույն և հանկարծ երաժշտական ամբողջություն մի կը կազմվի։ Ի՞նչ կը խոսին թռչունք, ի՞նչ կուզեն։ Կը ճանաչե՞ն արդյոք իբրև զմեզ վիշտն ու հրճվանքը. կը ճանաչե՞ն ծնողաց սրտին ցավը. կը ճանաչե՞ն կենաց պատրանքը. կողբա՞ն սիրեցյալ բացակայի վրա. կուլա՞ն, կը հյուծի՞ն անհնարին բաղձանքներով։ Իզուր ջանացի մեկնել անոնց խոսակցությունը, նույն տգիտությամբս մնացի։ Այդ սքանչելի վայրը բնության սիրահարաց ուխտատեղին է կարծես։ Ստեպ կերթանք հոն և ծառի մի հովանվույն ներքև անդորրավետ ժամեր կանցընենք։ Հայսմ վայրի հանդիպեցանք տարաբախտ Հրանույշին որ կը շրջագայեր մելամաղձոտ դիմոք խնամատար տիկնոջը հետ։ Անհուն համակրությամբ գրավված էինք. յուր աշնահար դեմքն, յուր նվաղուն աչքերն, յուր կռնակն որ սակավ ինչ կամարաձև եղած էր տկարութենե, յուր անուշ և տխուր կերպարանքը զինքը կը հանդիսացնեին իբրև անկյալ հրեշտակ մ՚որ երկրիս վրա հուսահատ կը թափառի։ Գորովալից աչոք կը նայեինք իրեն և ինքը մեզի. նամանավանդ առավել համակիր նայվածք մի կուղղեր աղջկանս: Գուցե հասակի նմանությունն էր պատճառն, և կամ բաղդատությունն։ Երիտասարդությունը՝ շինծու պատշաճությունն արհամարհելով՝ սրտին լեզվին կը հետամտի։ Ուստի օր մի Հուլիանես մոտեցավ հիվանդին, հետը խոսեցավ, և սույն օրեն ի վեր անբաժանելի են։ Նա կապվեցավ Հուլիանեիս բոլոր սաստկությամբ կարոտակեզ սրտի մ՚որ սիրելու պետքը կզգա և անկեղծապես սիրվելու։ Քույր կանվանե զՀուլիանեն, և սա Հրանույշին վրա կը գուրգուրա բոլոր ուժովն երջանիկ սրտի մ՚որ կը տառապի սիրելի հասակակցին տարաբախտությանը համար։ Այդ անուշ արարածը զիս երբեմն մայր կանվանե և ինքզինքը Հուլիանեին կատարյալ քույրը կարծելու համար

49