Jump to content

Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/72

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կ՚ըսե։ Կը պատմեր մեզ յուր լքյալ վիճակն երկրիս վրա, զինքր խնամողներուն շահախնդիր ընթացքը, որով կը պարտավորեր բոլոր զգացումներն յուր սրտին մեջ ամփոփելու, և Աստուծո գաղափարին մեջ ուժ քաղելու, բախտին հարվածոց դեմ դնելու համար, ինչպես և զինքը կրծող ախտին հպատակելու։ Ահա պարզ և հոգեմաշ վեպն յուր կենաց։

«Գիտեմ, կ՚ըսե, թե աշունն աղետալի պիտի ըլլա ինձ. չորաբեկ տերևը պիտի ըլլամ զոր սաստկաշունչ հողմը մոռացության վիհը պիտի նետե»: Այս խոսքերն հանչափս կը տխրեցնեն զմեզ։ Հուլիանես երիտասարդության վստահությամբ լի կյանք կը խոստանա ծաղկահասակ տառապելույն, երջանիկ օրեր կը ներկայացնե աչացն առջև. և երբ անկարողությունը կը տեսնե յուր բարեկամուհին համոզելու, անոր վիզը կիյնա արտասվելով։ Աղջկանս համար աշխարհք կը պարունակվի նշանածին, մորը և բարեկամուհվույն սիրույն մեջ. Լևոնին վրա ունեցած յուր սերեն ի զատ, կը փափագեր ամենայն ինչ բաժնել Հրանույշին հետ։

Գրեթե ամեն օր շրջագայության կերթանք խեղճ աղջկան հետ ի միասին. և երբ Լևոն ազատ է՝ մեզի ուղեկից կըլլա։ Հայնժամ Հրանույշ մելամաղձոտ հաճությամբ կը նայի երկու նշանածներուն, և երբեմն դառնագին ժպիտ մի կանցնի յուր անգույն շրթանց վրա. զի յուր խոսնայրը գերեզմանն է. իրեն համար երկինք ոչ ևս աստղ մ՚ ունի, ովկիանն՝ ոչ ևս կոհակ մի, և յուր սիրտը կը շիջանի հառաչ քան հրով փայլելու։ Անցյալներն յուր հորը հանդիպեցանք մինչդեռ կը շրջագայեինք. Հրանույշ դեպ անոր հառաջանալով «Հայր իմ, ըսավ, ահավասիկ այն ազնվասիրտ տիկինը որ իմ վրաս այնչափ գթով կը հսկե, և ահավասիկ քույրս»: Պարոն Պետրոս Թ. շնորհակալիքը մատույց ինձ այնպիսի ճոռոմաբանությամբ որ իրեն համար ունեցած հակակրությունս առավել ևս սաստկացավ: Կեղծ քաղաքավարություն մ՚ունի, և թեպետ երիտասարդ է տակավին, բայց առաջին անգամ ծեր կը թվի։ Աղջկանն համար արվեստալից գորով մի կը հայտներ որ կարծես թե անոր զարմանքը կը շարժեր․ վերապես ցավալի է որ այդ մարդը հայր է այդպիսի հրեշտակի։

50