Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/99

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

անդադար։ Բավական ըլլա ձեզ գիտնալն առ այժմ թե Կոմս Բ․․․ն եմ. երբ որ կատարելապես առողջանաք, կը խոստանամ ձեզ առավելն զրուցել, պատասխանեց։

Քիչ ատենեն կարողացա սենեկիս մեջ քայլելու։ Բարերարիս բնակած տանը մեջն էր սենյակն ուր փոխադրվեցա դռնապանեն աղետալի լուրը լսելես ի վեր. փա՜ռք ազնվասիրտ Կոմսին որ երիտասարդությունս և լքյալ վիճակս նկատելով պաշտպան կանգնած էր ինձ՝ յուր հարկին ներքև պատսպարելով զիս, և վարձելով ինձ համար անբնակ սենյակ մի՝ մեծատարած ապարանին մեջ։

Գաղղիական վեհանձն և օտարասեր զգացումներն այնքան հանրածանոթ են որ այդ ճշմարտությունը կրկնելու հարկ չկա․ օտարականը կը կարծե երկրորդ հայրենիք մի գտնալ ի Փարիզ՝ մարդկության հայրենիքը։

Կոմսին ազնիվ ընթացն չէր կրնար մոռցնել տալ ինձ Տիգրանա նենգավորությունը, զի անկարելի է ջնջել իսկույն հիշատակ մի զոր պաշտած ենք և որ արմատ թողած է սրտին մեջ։ Հանկարծ արմատախիլ ընելու կամեցողությունը վտանգավոր կըլլա, զի սիրտն ալ միատեղ կրնա խլիլ, և հետևապես խիստ մահվամբ մեռնիլ։ Դրուժա՛նը, զիս ուրիշի կը զոհեր. ահա այս էր ուրեմն յուր լռության պատճառն։ Որու՞ հավատալ եթե Տիգրան ուխտադրուժ եղավ։ Ընդհանրապես այրն յուր սիրույն վերևն կինը կը ճանչնա դարձյալ. իսկ կնոջ մի սիրույն վերևն աստված կա միայն։ Արք կնոջ գեղեցկությունը կը սիրեն, իսկ կինն հոգի մի կուզե պաշտել։

Երջանկությունը մեռած էր հիս, և անոր ավերակաց վրա կը վերածնեին օրերն և գիշերներն․ առաջիններն տխուր էին իբրև թանձրամած ձմեռային ավուրք․ իսկ երկրորդներն հուզված էին սոսկալի երազներով. լույսն ու խավարը նույնչափ անտեսանելի էին ինձ։ Եթե այնպիսի ազնիվ վարմունք՝ որոնց համար բացատրություն չկա, կարող ըլլային սրտիս վերքերը բուժել, անշուշտ իմիններս գոցված կըլլային արդեն։ Բայց արդյոք կա՞ դարման խորունկ խոցերուն համար որք հետզհետե տարածվելով սիրտը կը փտտեցնեն վերջապես։ Կը ջանայի ջնջել հիշատակ մ'որ անընդհատ կը վերանորոգվեր, և երբ

77