Jump to content

Էջ:Երկիր Նաիրի.djvu/44

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ունենալ մսի փոխարեն: «Շատ բան պետք չէ մարդու մը կշտացնելու համար» — մտածում է Հաջին. — « — Անգլեթերում լորտերը սև հացով կբավականանան, սակայն այդ հանգամանքը չի խանգարեր անոնց, որ անոնք ըլլան ազնիվ ու հայրենասեր»: — Եվ հարևանները, չնայած որ բնավ չեն էլ մտածում հավատալ, որ լորդերը Անգլեթերում սև հաց են ուտում, — այնուամենայնիվ հավանություն են տալիս Հաջու խոսքերին: «Մարդս ինչով ասես կարող է կշտանալ, մանավանդ Հաջի Օնիկ էֆենդին» — մտածում են նրանք:

Երբ արևը բավականին բարձրանում է վեր և կեսօրից սկսում է դեպի արևմուտք թեքվել, Լորիս-Մելիքյան փողոցի վրա գտնվող խանութներում գործնական եռուզեռը հասնում է իր գագաթնակետին–Հաջին շուկայից վերադարձող գյուղացիներին մանուֆակտուրա, շաքար, փուշիներ է ծախում, վարսավիր Վասիլը սափրում է ու խուզում, «Եվրոպա» ճաշարանում բորշչ են սկսում ուտել զինվորներն ու գյուղացիները, իսկ մանրավաճառները շունչ քաշելու անգամ ժամանակ չեն ունենում: Ասեղ, թել, կողպեք, քառորդ ֆ. սպիտակ հալվա, ֆուրգոնի մազութ, Լապշինի լուցկի, — գնում են, գնում են, ում ինչ հարկավոր է օրվա համար, և ծախում ու հարստանում են — Կոլոպոտյանը, Հարդար Հովհաննեսի տղան, որ հիմա մանրուքի խանութ ունի, Քաչալ Թաթոսը, Կաթոլիկ Սիմոն աղան և մնացած չարչիներն ու խանութպանները. — խեղճ Աբոմարշն է միայն, որ անգործ, աչքը խանութի պատերից կախած եվրոպական գույնզգույն հագուստներին հառած, սպասում է գնորդի: Երևի նաիրցիները չեն հասկանում, որ ինչպես իր ցուցանակի վրա գրված․ այնպես էլ իրեն կպցրած ֆրանսերեն «Աբոն մարշե»-ն ոչ այլ ինչ է նշանակում, եթե ոչ — բարի գալուստ, — մտածում է նա: — Եթե այդ հասկանային, գոնե ներս կմտնեին, գնելը դեռ մի կողմ: Պետք է ցուցանակները ռուսերենի վերածել — որոշում է նա մտքում և սկսում է իր նոր ցուցանակի համար մի հարմար անուն մտածել:

Տասներկուսից տաս անց՝ երկրորդ դասն արդեն վերջացրած լինելով՝ քաղաքի ծխական դպրոցի ուսուցչանոցում, մեծ դասամիջոցից օգտվելով, նախաճաշ են անում ուսուցիչ ուսուցչուհիները: Ուսուցիչներից մեկի անունն է Բյուզանդ Վարդերեսյան, երեսունին մոտիկ ճեմարանավարտ փորձված ուսուցիչ. Մանուկ Աբեղյանից է սովորել հայերենը և պարծենում է դրանով: Մազերը պահում է