Էջ:Երկիր հիշատակաց.djvu/5

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Համաշխարհային պատերազմից առաջ, հասարակության մեջ քիչ թե շատ իր «տեղը» ունեցող «միջին» մարդը, քաղքենին կանգնած էր գլխիվայր շրջված միջավայրում։ Զարհուրելի աղետը խարխլել էր մարդու աշխարեը, շուրջն ամեն ինչ անհասկանալի էր և օտարոտի: Նոր իրականության մեջ անհատը ի վիճակի չէր իր «տեղը» գտնել։ Գաղթական հայը չէր կարող ընդհանուր եզրեր գտնել նոր և հին իրականության միջև։ Նրա համար անցյալը այն ելակետն էր, այն հողը, որը չնայած կորել էր նրա ոտքերի տակից, բայց իր հարաբերություններով և բարոյական արժեքներով, իսկ ամենակարևորը՝ իր իդեալներով, պարզ էր, հասկանալի և հարազատ։

Սփյուռքահայ գրականությունը (հատկապես ամերիկահայ արձակը) սկսվեց անցյալի վերարտադրմամբ։ Անցյալի հայ իրականությունից վերցվում էր հիմնականում քսաներորդ դարասկզբի հայ գյուղը, իրականություն, որը համարյա դուրս էր ժամանակի հասարակական-քաղաքական սուր հարաբերությունների ոլորտից։

«Հին թե նոր քաղաքակրթություն» հարցին միանգամից դժվար էր պատասխանել, չնայած որ հրաժեշտը հին երազներին անցյալի թեման, վերջին հաշվով, ապացույց էին նոր քաղաքակրթության ավերիչ հաղթանակի։ Բայց մի քանի տարի անց, երիտասարդ գրողների «Մենք» ամսագիրը փորձեց պատասխան տալ այդ հարցին. «Թոթվեցե՜ք ձեր մազերեն մինչև ձեր ոտքերը, ինչ որ կա որպես փոշի, մետաքս կամ ապրշում, որ դեռ Արևելքինն է։ Թոթվեցեք այն զգացումները, որոնք հոս դժվար թե փթթին... մեր երակներուն մեջ ներարկված է բոլորովին տարբեր ույժ մը։

Զարգացեք, զարգացեք, անով է, որ պիտի հաղթեք կյանքին, պիտի հաղթեք մարդոց և մանավանդ այն ճակատագրին, որուն կհավատաք։ Անով է, որ պիտի հաղթեք մանավանդ ձեր անձին» («Մենք», 1931 թ., Ա., էջ 9):

Ամերիկահայ արձակը և ֆրանսահայ արձակը մասամբ, ստեղծեցին բնապաշտ մարդու կերպարը, իսկ «Մենքը» գծում էր նոր պայմանների համաձայն, հասարակական իդեալ մարդու կերպարը, որն ի վիճակի է մեկ հարկածով կտրել անցյալի հետ կապող թելերը, «հաղթել» սեփական «անձին» և շարժիչ ուժ