ամուսինը բոլորովին կփոխվեր, վրան կտաքնար և ոչ մի վեճ չէր լինի։ Բռնում էր նա ուրիշների երեխաները, գրկում, շաքարեղեն տալիս և բուռն ցանկությամբ սեղմում կրծքին։
Ավետիս Ամուճան երբ տեսնում էր կնոջը ուրիշ երեխաներ սիրելիս, ասում էր.
— Ուրիշների փիճերը ի՞նչ կգրկես, կսիրես, ջանը՜մ։
Երբ Գուվար Քորոն չէր պատասխանում, այլ խեղճացած նայում էր Ավետիս Ամուճային, կարծես նրանից հայցելով մի զավակ, Ավետիս Ամուճան ավելացնում էր.
— Ինչ էլ աղվոր է լակոտը…
— Հա՜, աղվոր է, փամբող[1] կըլմանի,— շշնջում էր Գուվար Քորոն և գոգնոցի ծայրով սրբում արցունքոտ աչքերը։
Տարիներն անցնում էին, Ավետիս Ամուճայի և Գուվար Քորոյի հարաբերությունները չէին փոխվում, կռիվները շարունակվում էին, բայց արդեն սովորական դարձան, դարձան մինչև անգամ զվարճախոսության և կատակի առարկա։ Երբ կռիվը վերջ էր գտնում, նրանք ծիծաղով սկսում էին հիշել, թե կռիվն ինչպե՛ս սկսվեց, ի՛նչ վախճան ունեցավ— դուն որ էսպես ըսիր, ես ըլ էսպես ջուղաբ տվի— և սկսում էին ծիծաղել, թե ով ավելի սուր պատասխան տվեց, ով տակ մնաց և ով՝ վրա։
Երբ Գուվար Քորոն հանդիպում էր հարևաններին, ասում էր.
— Փեսիդ հետ բայրախ բացի, ելա դուրս։
Շատ անգամ Ավետիս Ամուճան շուկայից տուն վերադառնալուց հետո մոտենում էր Գուվար Քորոյին, բեղերի տակ մանր ժպտալով և ցածր ձայնով ասում.
— Աղջի՛, կնի՛կ, ի՞նչ կ՚ըսես, արաղս խմեմ, վե՞րջը բայրախ բանամ, թե առաջ բայրախ բանամ։
Գուվար Քորոն համաձայն էր, որ նախ և առաջ կռվեն, վերջացնեն, հետո արաղ խմի։
Իսկ կռվի առիթը պատրաստ էր։
- ↑ ձյունածաղիկ