Էջ:Երկու գերեզման 09.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Էն շունը կինե՞ եկեր էր հոսիկ[1]։

— Հա՜։

— Ոտքերը հլոս-հլոս[2] կենիմ,— անմիջապես գոռում էր Ավետիս Ամուճան։

— Ձա՛յնդ, փնթի՛։

— Կինե էրիկմարդու ջուղաբ տվիր, շա՛ն աղջիկ։

— Տարիքեդ ամչցիր։

— Ամոթը կնկան համար է։

— Մուրս գլխո՜ւդ…

— Շատ մի՛ վռվռա, արաղս բե՛ր։

Գուվար Քորոն անմիջապես արաղը բերում էր։

Իսկ ո՞վ էր շունը։

Դա Գուվար Քորոյի մի ազգականն էր, որ տարիներ առաջ Ավետիս Ամուճայի խանութից մի նավթի աման էր գնել և փողը չէր վճարել։ Չէր վճարել ոչ թե նրա համար, որ չէր ուզել վճարել, այլ Գուվար Քորոն, առանց Ավետիս Ամուճայի հետ խորհրդակցելու, ասել էր այդ ազգականին, թե՝ փեսադ էդ ամանը քըզի հեդիյե[3] կենե։ Գուվար Քորոն այդ ասել էր ազգականին, բայց Ավետիս Ամուճային հետագայում էլ չէր հայտնել և մինչև վերջն էլ չհայտնեց, իսկ Ավե­տիս Ամուճան կարծել էր, որ «էն շունը» փողը կերել էր։


Բ

Տարիներ և տարիներ անցան։

Երկուսի գլուխների վրա էլ բարակ ձյուն մաղվեց։ Կռիվ­ների սուր ծայրերն էլ մաշվեցին, տան մեջ շատ չնչին փոփո­խություններ եղան․ առաստաղի մի գերանը ճեղքվեց ու չո­քեց, լուսամուտներից մեկի ապակին կոտրվեց և ժամանա­կավորապես թուղթ փակցրին և ընկույզի միջուկով յուղոտեցին, հակառակ այն իրողության, որ Ավետիս Ամուճան, իբրև թիթեղագործ, ապակի անցկացնող էր։ Երկու թթենու

  1. այստեղ
  2. փշուր-փշուր
  3. ընծա