Էջ:Երկու գերեզման 12.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ընկերակցությամբ տարավ գերեզմանոց, թաղեց և վերադար­ձավ։ Սիրտ առնողները, երբ տունը լցվեցին, Ավետիս Ամու­ճան ինքը բաց արավ պահարանը, դուրս բերեց օղիի շիշը և իր ձեռքով լցրեց բաժակները, հրամցրեց բոլորին և ասաց.

— Է՛հ, աշխարհք է, կյա՛նք ըլ կա, մա՛հ ըլ կա։

Դրսում աշնան քամին էր սուրում, դեղնած և կարմրած տերևներն էին թափվում ծառերից։ Գերեզմանոցում Գուվար Քորոյի թարմ հողակույտը մինչև երեկո ծածկվեց աշնան տերևներով։

Ավետիս Ամուճան, տանը նստած, սիրտ առնողների հետ զրույց էր անում, հին-հին բաներ պատմում և խմում օղին։ Նրա մոտից դուրս եկողներն ասում էին.

— Հեչ ումուռեն[1] չէ։

Մի քանի ազգական կանայք մի քանի օր մնացին Ավե­տիս Ամուճայի տանը, այդպես էր սովորությունը, մեռելա­տիրոջը մի քանի օր մենակ չէին թողնում։ Վերջին ազգակա­նուհին հեռացավ Գուվար Քորոյի թաղման ութերորդ օրը, և Ավետիս Ամուճան մնաց բոլորովին մենակ։

Առաջին գիշերը տարօրինակ թվաց մենակությունը, բայց ինքն իրեն մխիթարեց.

— Սեպե քի՝ ջերմուկ գացեր է,— մտածեց և սովորականից մի քիչ ավելի օղի քաշեց, պառկեց և քնեց։

Առավոտյան, առաջին անգամ իր կյանքում, Ավետիս Ամուճան ավելն առավ և ավլեց աշնան դեղնած տերևները, որ քամին քշել, բերել դիզել էր տան ետևի դռան առաջը և դուռը դժվարությամբ էր բացվում։

Նա մինչև անգամ կարծեց, որ որևէ տարի այդպես բան չէր պատահել, միայն այս տարի է պատահել, նրա մտքիցն անգամ չանցավ, որ ամեն տարի էլ միևնույնը պատահում էր, բայց Գուվար Քորոն ավլում, մաքրում էր և երբ ինքը քնից զարթնում էր, չէր տեսնում։

Ավլեց տերևները, մաքրեց ճանապարհը, եկավ ներս, մի երկու օղի տնկեց և առանց նախաճաշի դուրս եկավ տնից դեպի խանութ։

  1. հոգը չէ