Էջ:Երկու գերեզման 21.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ե՛ս իմ, Թագուկ Տուտո՛ւ։

— Քա՛, ի՜նչ նեղություն։

Ավետիս Ամուճան էլ չպատասխանեց և փայտե թիի կոթը փորին դրած՝ քշեց ձյունը դեպի փողոցը։

Թագուկ Տուտուն ներս եկավ։ Էլ նրա մեջ ո՛չ մի կասկած չմնաց, թե ինչ էր Ավետիս Ամուճայի միտքը։ Երբ Թագուկ Տուտուն եկավ այդ եզրակացության՝ խորը ուրախություն զգաց, նրան պաշարեց մի այնպիսի զգացում, որ ամուսնու մեռնելուց հետո չէր ունեցել։ Չհամբերեց, նորից դուրս եկավ և բարձր ձայնով կանչեց.

— Ավետիս Ամուճա՜, Ավետիս Ամուճա՜…

Ավետիս Ամուճան նորից եկավ կտրի ծայրը, կանգնեց և ցուցադրական ձևով քրտինքը սրբեց։

— Ավետիս Ամուճա խալըսելեն[1] ետքը վար եկո՛, բան մը պիտի ըսեմ։

— Փե՛ք աղեկ, փե՛ք աղեկ, կուգամ։

Թագուկ Տուտուն պատրաստություն տեսավ, որ նրան նախաճաշ տա։

Քիչ անց Ավետիս Ամուճան հայտնվեց ներքևում։

— Քա՜, շնորհակալ եմ, ընծի համար նեղություն քաշեցիր։

— Բան մը չէ։

Թագուկը նորից նրան հրամցրեց երկու բաժակ օղի և ձվածեղ եփեց այս անգամ։

— Նեղություն մի քաշեր, Թագուկ Տուտու։

— Քա՜, նեղությունս ի՞նչ է, քըզի նման բարեկամի համար պարտականությունս է գառնուկ մորթել, ամա չունիմ։

— Մեկ խոսքդ հազար գառնուկ արժե, Թագո՛ւկ Տուտու,— ջերմագին ասաց Ավետիս Ամուճան։

Ձյունը մաքրելու օրերից մեկում, ձմռան կեսերին, Ավետիս Ամուճան Թագուկ Տուտուի առաջ բաց արավ իր սիրտը։

Եվ ձմռան կեսերին Թագուկ Տուտուն տանտեղ որոնող մի մարդու ծախեց իր խրճիթը, ինքն էլ փոխադրվեց Ավետիս Ամուճայի տունը, իբրև օրինավոր կինը՝ եկեղեցիով թագ ու պսակ եղած։

  1. վերջացնելու