Էջ:Երկու գերեզման 23.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հակառակ այնքան գուրգուրանքներին, Թագուկ Տուտուին դուր չէր գալիս, որ լուսահոգիի մասին մի բան էր ասում Ավետիս Ամուճան կամ որևէ առիթով հիշում էր նրան, թեև ոչինչ չէր ասում և ճիգ էր թափում ոչինչ ցույց չտար։ Ժամանակի ընթացքում Ավետիս Ամուճան գլխի ընկավ և այլևս չհիշեց և չխոսեց նրա մասին, և Գուվար Քորոն բոլորովին մոռացվեց այդ տանը։

Մի օր, գրեթե պատահաբար, Ավետիս Ամուճան հարցրեց Թագուկ Տուտուին,

— Ինչո՞ւ անպտուղ մնացիր։

Թագուկ Տուտուն չկարողացավ անմիջապես պատասխա­նել, աչքերը թացացան և ապա արցունքի խոշոր կաթիլներ կախվեցին նրա կոպերից.

— Լուսահոգին Ստամբոլ գացեր էր, կ՚ըսեին քի՝ հիվնդցեր է,— ի վերջո շշնջաց Թագուկ Տուտուն մռայլագույն թա­խիծով։

Ավետիս Ամուճան բռնեց նրա գլուխը և ասաց.

— Ընծի ըռաստ գայի՜ր…

Թագուկ Տուտուի աչքերը պայծառացան։

— Տղա մի, աղջիկ մի, էվել չէ,— շշնջաց նա։

— Հա՜, յա՜,— բացականչեց Ավետիս Ամուճան հպարտու­թյամբ։

Մի օր Ավետիս Ամուճան տուն մտնելիս լսեց, որ Թագուկ Տուտուն ինքնիրեն գանգատվում էր. «Էս հավերն ըլ հոգիս հանեցին, քը՜շ, քը՜շ, քըշա՜ ա՜ …»։

Այդ օրվանից Ավետիս Ամուճան սկսեց հավերը մեկիկ-մեկիկ մորթել։ Տասն և հինգ օր նրանք ամեն օր հավ կերան, որպեսզի վերջացնեն։

— Քա՜, մա՛րդ,— ասում էր Թագուկ Տուտուն,— մի՛ մորթեր, մեղք են։

— Դո՞ւն մեղք ես, թե հավերը, անոնց խե՛րն անիծեմ,— ասաց Ավետիս Ամուճան։

Հարևան կանայք, տեսնելով Ավետիս Ամուճայի գուրգու­րանքը նոր կնոջ հանդեպ և հիշելով Գուվար Քորոյին, ասում էին.

— Անտե՜ր մնար Գուվարը, արևոտ օր չի տեսավ, հիմա կնկանը Թագուկ մըլ կըսե, Թագուկ մըլ բերն են կըյնի։

Եվ օրերը թռչում էին ուրախ։