Էջ:Երկու գերեզման 25.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հարևանները ետևից ծիծաղում էին և ասում.

— Թամա՜մ խենթըցեր է։

Թագուկ Տուտուն, ամեն անգամ որ ցանկություն էր հայտնել այսինչ կամ այնինչ բանը լիներ՝ ուտեր, զղջացել էր, որովհետև տարվա այդ եղանակին այդ բանը գրեթե անկա­րելի էր ճարել, բայց բավական էր, որ Թագուկ Տուտուն ցանկություն հայտներ ուտելու՝ Ավետիս Ամուճան անպայման պիտի գտներ։ Նա խփում էր իր ծերացած գլուխը ամեն մի քարի, որպեսզի ճարի և իր Թագուկին կերցնի։

— Ամա՜ն, մուրազը փորը չմնա,— ասում էր Ավետիս Ամուճան։

Մի ձմեռ գիշեր, երբ երկուսը տաք քուրսիի շուրջը նստած՝ զրույց էին անում, ինչպես եղավ, Թագուկ Տուտուի բերնիցը թռավ.

— Ասմա[1] խավող ըլլեր՝ ուտեինք։

Ավետիս Ամուճան դիտմամբ արձագանք չտվեց, որպեսզի Թագուկ Տուտուն արգելք չլինի իր մտադրության։ Քիչ անց նա վեր կացավ և սկսեց դուրս գնալ։

— Քա՛, ո՞ւր։

— Ոտաց ճամփա[2]։

— Քա՜, ես ըլ…— էլ չշարունակեց Թագուկը, այն մտահոգությամբ, որ Ավետիս Ամուճայի միտքը բան չգցի։

Ավետիս Ամուճան դուրս եկավ փողոց, որպեսզի գնա խաղող գտնի։ Դրսում քամին, սառնաշունչ և դաժան, ոռնում էր, հեռագրական թելերը սուլում էին, և բարձր չոր բարդիները խոնարհվում էին կես մեջքով և ուղղվում։

Ավետիս Ամուճան ուղղակի դիմեց թուրքերի թաղը, որովհետև միայն թուրքերն ասմա խաղող կպահեին։ Ծեծեց մի դուռ։ Երկու, երեք, չորս։ Հինգերորդ դուռն արձագանքեց՝ ո՞վ է։

— Հիվանդ ունիմ, կմեռնի, խավող կուզե,— աղաչեց Ավետիս Ամուճան։

Բաց արին դուռը, տվին խաղողը։

Տուն մտնելիս Ավետիս Ամուճայի բեղերից լուլաներ էին

  1. կախան
  2. արտաքնոց