Էջ:Երկու գերեզման 27.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Դ

Կյանքի դաժան օրենքը, սակայն, չթողեց, որ այս ծերունիները սպիտակ մազերից հետո նորից ծաղկեին, ինչպես գարունն էր ծաղկում՝ սևանային նրանց մազերը, կնճիռներն անհետանային, մեջքերն ուղղվեին և աչքերը, պայծառացած, թարթեին կանաչ դաշտերի և կակաչներով վառվող արտերի վրա։

Թագուկ Տուտուն հիվանդացավ, հազում էր սաստիկ, հազը երբ բռներ, աղիքները դուրս էին թափվում։

— Հեքի՛մ էֆենդի,— աղաչում էր Ավետիս Ամուճան,— ճար մի ըրե՛, փրկե մեկ հատիկս, քու եսիրդ ըլլիմ։

Բայց ո՛չ մի ճար չեղավ։

Գարնան սկզբին, երբ ուռենին հազիվ էր կանաչ ոստեր տվել, Թագուկ Տուտուն փակեց իր աչքերն ընդմիշտ։

Վերջին անգամ նա ասաց Ավետիս Ամուճային, զարմա­նալիորեն պայծառացած, խոշորացած աչքերը հառելով նրան.

— Մա՛րդ, դուն ըլ ետևես եկո՛, աշխըրքի մեջ մինակ մի՛ մնար։

Խորտակվեց փիրուզյա և աստղերով ծածկված գմբեթը Ավետիս Ամուճայի սպիտակած գլխի վրա։

Նորից հավաքվեցին ազգականներ և ծանոթներ, վերցրին Թագուկ Տուտուի դագաղը և շտկվեցին դեպի հին գերեզմա­նոցը։

Մինչև գերեզմանոց Ավետիս Ամուճան ձեռքը դրել էր Թագուկ Տուտուի սառը ճակատի վրա, լաց էր լինում և ասում.

— Ո՞ւր կերթաս, ընծի մինա՞կ կթողուս։

Մարդիկ զարմանում էին, թե ինչո՞ւ մի ծերունու այդքան վիշտ պիտի պատճառեր մի պառավի մահը։

Երբ դագաղը դրին փորված փոսից գոյացած հողակույտի վրա, Ավետիս Ամուճան կռացավ դագաղի վրա, բարձր լաց եղավ և ասաց.

— Թագո՛ւկս, Գուվարին բարև ըրե՛, ասոր, վաղը ե՛ս ըլ կուգամ, Թագո՛ւկս, իլք բահարի[1] ծաղի՛կս…

Արցունքը խեղդեց ծերունու կոկորդը, չկարողացավ շարու­նակել։

  1. գարնան