Դագաղը իջեցրին փոսը և սկսեցին հողը լցնել։
Ավետիս Ամուճան էլ չկարողացավ նայել, ետ քաշվեց, աչքերը հառեց երկնքին, ինչ֊որ շշնջաց դողդոջուն շրթունքներով, ապա աչքին զարկավ Գուվար Քորոյի գերեզմանը, որ գտնվում էր հիսուն քայլ հեռու, նայեց, նայեց և սկսեց քայլել դեպի նրան։ Գնաց, չոքեց Գուվար Քորոյի հողակույտի վրա, արցունքի մի նոր ուղխ ողողեց նրա աչքերն ու հոգին, և ասաց.
— Թագո՜ւկս ըլ մեռավ, Գուվա՛ր, իրարու աղեկ նայեցեք՝ մինչև ես ըլ գամ։
Մինչ այդ հուղարկավորներն անտարբեր էին, թաղում էին մի պառավ կին, բայց երբ Ավետիս Ամուճան գնաց և սկսեց ողբը շարունակել Գուվար Քորոյի հողակույտի վրա, բոլորի աչքերն էլ խոնավացան։
Երբ տուն բերին Ավետիս Ամուճային, տանն ավելի ողբագին շարունակեց լացը և ասաց.
— Աշխըրքի մեջ մինակ երկու գերեզման ունիմ, ուրիշ բան չունիմ…
1934 թ.