ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՄԵԹՈԴԻ ԵՎ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ
ՄԻ ՔԱՆԻ ՀԱՐՑԵՐ
Թումանյանի գեղարվեստական մտածողության ուսումնասիրությունը, բնականաբար, պետք է սկսել նրա մեթոդի քննությունից: Վերջինս համարվում է այդ մտածողության շարժիչ ուժը, բնորոշում բանաստեղծի իրական աշխարհի, կենսական փաստերի ու երևույթների հետ ունեցած գեղագիտական վերաբերմունքի էությունը։ Թումանյանի գեղագիտական վերաբերմունքն այս դեպքում դիտվելու է վերջինիս փիլիսոփայական, քաղաքական, բարոյական ու հոգեբանական գործոնների օրգանական միասնության մեջ, որոնց ներքին թելադրանքով բանաստեղծն իրականության կենսական փաստերն ընտրել ու դարձրել է գեղարվեստական փաստեր, տվել օբյեկտիվ աշխարհի սուբյեկտիվ կերպարը։
Բանաստեղծի ստեղծագործական մեթոդը պայմանավորող շատ գործոններ կարելի է նշել, բայց դրանցից կարևորներն առաջին հերթին իրականության փաստերի ընտրության ու արտացոլման. հերոսների կերտման, գեղարվեստական պատկերի կառուցման ու գեղագիտական իդեալի դրսևորման սկզբունքներն են, որոնք ինչ-որ չափով ենթարկված են պատմական ժամանակաշրջանի թելադրանքին և նյութի գեղարվեստական վերացարկման ներքին պահանջին։
15