զգացումը, նա հապճեպ գրի է առել մտքի ակնթարթային թելադրանքը։ Գրել է և ապա նորից ընդհատել։ Միառժամանակ անց նույն թղթի հաջորդ էջի վրա, կամ բոլորովին ուրիշ թղթի վրա հանգիստ իմի է բերել և մշակել ինտուիտիվ բռնկմամբ հղացած բանաստեղծական պատկերը, տվել նրան վերջնական ձև։ Ահա թե ինչ է գրում Տիգրան Փիրումյանն իր հուշերում.
«Զգում է, որ իր այսինչ ոտանավորը (օրինակ՝ «Մեհրին») լավ չէ վերջանում և մտքումը դրել է անպատճառ փոխել, բայց թե ի՞նչ է ուզում տեղը դնել բնավ չգիտե...»։
Թումանյանն ինքն է խոստովանում, որ «բանաստեղծը, ստեղծագործողը նախօրոք չի մտածում, հանկարծ է լինում...»։ Տիգրան Փիրումյանը վկայում է նաև, որ «Գիշերները սովորություն ունի անկողնուց վեր կենալ, և հանկարծ միտքն եկած տողերը գրել»։
Նա հաճախ ոտանավորով խոսում է նաև երազում և զարթնելիս գրի է անցկացնում։
Այդպիսիներից մեկն է «Մեհրիի» մի կտորը՝
|
Թումանյանն իր զրույցներում հաստատում է այդ. «Նախազգացած ու նախատեսած որ ասում եմ,— լինում է ոչ միայն արթուն ժամանակ, այլև՝ քնած ժամանակ, երազում, այլաբանորեն, պատկերներով, խորհրդանշաններով»։ Ու հետո շարունակում է. «Ես էնքան շքեղ ու թանկ երազներ եմ տեսել, որ ամեն մինը ինձ համար մի գեղեցիկ կյանք արժի»[2]։
Ստեղծագործական երկունքի այս ակնթարթային պահը ապրել են բոլոր ժամանակների խոշոր մտածողները։
Մեծ է, անշուշտ, ինտուիցիայի դերը գրողի, արվեստագետի, գիտնականի համար։ Մյուս կողմից չպետք է այդ երևույթի կարևորությունը չափազանցնել, հասցնել ծայրահեղության։