Jump to content

Էջ:Զավեն Ավետիսյան Թումանյանի ստեղծագործական լաբորատորիան.djvu/32

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Թումանյանի երևակայության ստեղծած մտապատկերը իրականությունից ստացած տպավորությունների ծնունդ է։

«Երևակայությունը արվեստում չի փոշիացնում արվեստագետի միտքը,— գրել է գրող-նկարիչ Պիմենովը,— ընդհակառակը՝ դարձնում է այն ավելի կարծր, ավելի խոր ու խելացի, որովհետև երևակայությունն ազատ է արտաքին պատկերների ուժգնացման, և ընդհակառակը՝ նրանցից ավելորդի հեռացման գործում»[1]։

Հիրավի, բանաստեղծի երևակայությունը կարծես դառնում է մի ներքին, ամենազոր կարգավորող, հնարավորություն է ստեղծում խույս տալ մտքի ձևական սխեմաներից, գեղարվեստական մտապատկերից կտրում, հեռացնում է ավելորդ գծերը, մտապատկերը ենթարկում է գեղարվեստական ներդաշնակ և ազդու ձևավորման։

Ահռելի ձոր է։ Մի կըտոր լուսին
Նայում է գաղտուկ, թագչում ամպերում։

Թումանյանի ստեղծագործական երևակայության կարևոր կողմերից մեկը պետք է համարել բնության շնչավորումը։ Լուսինը նայում է, լուսինը թաքնվում է։ Թումանյանը բնության փիլիսոփա է, բնության փիլիսոփայությանը նա հասնում է բնության շնչավորումով։ Ու այս բոլորը նա կատարում է միայն երևակայությամբ։ Այս մոտեցմամբ, երևույթը դառնում է խորհրդավոր, բնությունը հաղորդակից է լինում մարդկային ճակատագրին։

Ու հոսում է գիշեր-ցերեկ
Արցունքն անբախտ աղջըկա,
Բայց իր սիրած տըղան երբեք
Չը կա՜, չըկա՜ ու չըկա...
Վըշվըշում է գետը— վո՜ւշ, վո՜ւշ,
Ու հորձանք է տալիս հորդ.
Ու կանչում է՝ «Արի՜, Անո՜ւշ,
Արի՜, տանեմ յարիդ մոտ...»։

  1. Ю. Пименов, Необыкновенность обыкновенного, М., 1962. стр. 39.