Jump to content

Էջ:Զավեն Ավետիսյան Թումանյանի ստեղծագործական լաբորատորիան.djvu/41

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Մենակությունը աստվածային դրություն է,— մի ուրիշ առիթով ասել է բանաստեղծը,— և մենակ մարդիկ են լավ բաներ տվել աշխարհքին»[1]։

Թումանյանն ստեղծագործել է, իհարկե, նաև մարդկանց ներկայությամբ, ծանոթների, գրչակից ընկերների շրջապատում, հատկապես՝ քեֆերին։ Այդպիսի պայմաններում գրված բանաստեղծությունները «էքսպրոմտ—madtigal-ային բնույթի գործեր են եղել։ Մեր գրականության մեջ քչերն են այս բնույթի գործեր գրել։

Թումանյանն իր զրույցներից մեկում հիշում է. «Մի ժամանակ շատ էքսպրոմտներ էի ասում։ Մի քեֆի, Օրթաճալայում «Մուրճի» հնգամյակին 42 հոգու կենացին էլ էքսպրոմտ ասացի։ Ավետիք Արասխանյանը բոլորը հավաքեց»[2]։

Այս բնույթի մի հետաքրքիր բանաստեղծություն է նվիրել Թումանյանը գյուղագիր Հարություն Ճուղուրյանին՝ աղջիկ-երեխա ունենալու կապակցությամբ.

Մեր սիրելի հայր Ճուղուրով,
Նորամանկանդ ոտն ուղուրով.
Բարի բախտով լինի թող սա,
Որ քեզ բերի մի լավ փեսա,
Ոչ թե գրող և կամ տերտեր,
Հետն էլ հազար ցավ ու դարդեր,
Այլ մի հարուստ, մի Մանթաշով՝
Փող ունենա իրեն բաշով,
Որ միշտ հեռու գրքից, երգից,
Կուշտ ծիծաղի սրտի խորքից։

(ԹԸԱ)

«Ձեռաց» գրված այս բանաստեղծությունը Թումանյանի «Պոետն ու մուսայի» յուրօրինակ արձագանքն է։

Մենակությունն, անշուշտ, ստեղծագործական ոգևորության կարևոր պայմաններից է, և, ըստ երևույթին, դա է եղել պատճառը, որ շատ նշանավոր գրողներ ստեղծագործել են առանձնացած, այն

  1. Հ. Թումանյան, Երկերի ժողովածու, հատ. 5, էջ 203:
  2. Ն. Թումանյան, Հուշեր և զրույցներ, էջ 120: