Այս շրջանը հենց ապատիայի շրջանն է, մեծ հղացումների, մեծ որոնումների ու կուտակումների շրջանը։ «Ապատիայի շրջանը,— նկատել է Թումանյանը,— իսկապես հղացումի շրջան է, էդ ժամանակն է, որ բանաստեղծը լցվում է, խորանում է, հասունանում, թեպետև առանց աղմուկի ու ալեկոծումի։
Ինչպես շերամի որդի բոժոժ շինելը, երբ սկսում է ծածկել, փակվել ու ներսից հյուսում է իր բոժոժը, ասում են՝ մեռնում է. բայց դա հենց էդ ժամանակ է, որ մետաքսը շինում է»[1]։
Եթե մենք ուշադրություն դարձնենք Թումանյանի ինտենսիվության աղյուսակին, ապա կնկատենք, որ 1890 թ. հինգ պոեմ գրած բանաստեղծը լռում է շուրջ 10 տարի. այդ այն դեպքում, երբ պոեմը նրա տարերքն էր։ Սա, թերևս կարելի է ասել, բանաստեղծի մեծ հղացումների շրջանն է եղել։ Այդպես հաճախ է լինում և դա պատահում է միայն մեծ արվեստագետների հետ։ Գյոթեն 40 տարի շարունակ հղացում ապրեց իր հռչակավոր գործն ստեղծելու համար։ Թումանյանը «Հազարան բըլբուլը» գրելու համար ամբողջ կյանքում որոնումների մեջ էր... այդպես էլ չվերջացրեց։
Ուրեմն՝ բանաստեղծի կյանքում ստեղծագործական դադարի շրջանը հավասարակշիռ ու մտածված որոնումների, հղացման ու լիցքավորման շրջան է։
«Մարդիկ սովորաբար բանաստեղծին չեն հասկանում,— ասել է Թումանյանն իր զրույցներից մեկում,— պարապ են կարծում, երբ նա չի գրում։
Ես շատ եմ լսել, և ասում էլ են ինձ՝ թե ծույլ ես, չես գրում, պարապ-սարապ ման եմ գալիս ու բան չեմ անում։ Նրանք չեն հասկանում, որ հենց էն պարապ ժամանակն է, որ բանաստեղծը պարապում է, ստեղծագործում է։
Էդ պարապ ժամանակը հղացումի, լցվելու ժամանակն է, և դա ավելի կարևոր է գրողի համար, քան թե գրելը։ Բանաստեղծը էդ ժամանակ նման է հղի կնոջ, գրելիս նա միայն հասարակ գրագիր է։ Ես հաճախ, երբ ձեզ հետ եմ լինում, կատակներ եմ անում, կամ երբ մենակ ման եմ գալիս սենյակումս, կամ թե չէ նստում եմ ու
- ↑ Ն. Թումանյան, Հուշեր և զրույցներ, էջ 229։