ԹԵՄԱՏԻԿ ԸՆԴԳՐԿՈՒՄ, ԿԵՆՍԱԿԱՆ ՓԱՍՏ ԵՎ ՄՏԱՀՂԱՑՈԻՄ
1
Արվեստագետի տեսադաշտը շրջապատող իրականությունն է։ Այստեղ է ձևավորվում նրա աշխարհայացքը, այստեղ է տեղի ունենում կյանքի գեղարվեստական ընկալումն ու անհրաժեշտ վերացարկումը, թեմատիկ ընտրությունն ու գեղարվեստական մարմնավորումը։ Մի խոսքով՝ իրականությունն է դառնում այն հողը, ուր ծնվում և աճում է արվեստագետը։
Թումանյանի, ինչպես ամեն մի արվեստագետի, ստեղծագործական մտածողությունը թեմատիկ ընդգրկման առումով պայմանավորվում է իր ժամանակաշրջանի առաջ քաշած պահանջների ու խնդիրների ընկալմանը պատրաստ լինելու հանգամանքով։ Սա իհարկե, հարցի օրինաչափական կողմն է, և այս դեպքում մենք հաշվի ենք առնում ոչ միայն զուտ թեմատիկ ընտրությունը, այլև նրա գեղագիտական լուծումն ու գաղափարական նպատակասլացությունը։
Թումանյանի առաջին շրջանի (90-ական թթ.) թեմատիկ ընդգրկման կորագիծը կայուն չէ, նրա մոտ առկա է կոնկրետ իրողություններին անմիջապես արձագանքելու փաստը։ Բանաստեղծի այս շրջանի գործերում շատ ավելի իշխում է անմիջական տպավորու-