Jump to content

Էջ:Զավեն Ավետիսյան Թումանյանի ստեղծագործական լաբորատորիան.djvu/54

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այս փուլում նա հասնում է ստեղծագործական կայուն ընդգրկումների և նվաճումների, աճում է, բարձրանում, ճյուղավորվում ու ամրանում։

Բանաստեղծի թեմատիկ ընդգրկման երրորդ կամ վերջին շրջանը (10-ական թթ.) հետադարձ հայացքի շրջան է, երբ արվեստագետը ելնելով իր կենսափորձից երևույթներին տալիս է իր գնահատականը, անցնում է զուտ փիլիսոփայական ընդհանրացումների։ «Իմ վերջին շրջանը' փիլիսոփայական շրջանը տիեզերական խոհերի շրջանն է»[1]։ Կենսափորձից եկող խորիմաստ եզրահանգումները գեղարվեստորեն իրացնելու համար ժամանակ ու հնարավորություն չունենալու պատճառով նա դժգոհում է, խորհուրդ է տալիս երիտասարդ արվեստագետներին` մտածել այդ ուղղությամբ, կամ էլ փորձում է կարճ ժամանակամիջոցում շատ բան անելու, սակայն, ամեն ինչ մնում է կիսատ։

Պատահական չէ, որ Թումանյանը կյանքի վերջին տարիներին հաճախ է իր զրույցներում մեջ բերել. «Ջահելությունը ասում է` թե իմանայի՜, ծերությունը՝ թե կարենայի՜...»[2]ժողովրդական ասացվածքը։

Թումանյանը քիչ ապրեց ստեղծագործական կյանքի, թեմատիկ ընդգրկման այս փուլը։ Բանաստեղծի փիլիսոփայական խոր իմաստավորումների արդյունքը եղան նրա «Անբուն կկուն» ու «Քառյակների» մեծ մասը։

Սխալ կլինի, անշուշտ, թեմատիկ ընդգրկման և գեղարվեստական իրացման երեք փուլերը իրարից կտրուկ անջրպետելը։ Հաճախ արվեստագետը ստեղծագործական կյանքի վաղ շրջանում և նույնիսկ միայն վաղ շրջանում է թեմատիկ լայն ընդգրկման ու գաղափարագեղագիտական բարձր արժեքներով գործեր տալիս։ Դա բացառություն չէ ո՛չ համաշխարհային և ո՛չ էլ հայ գրականության պատմության համար։ 1887 թ. 18 տարեկան Թումանյանի գրած «Գութանի երգը» և «Հին օրհնություն» բանաստեղծություններն արտակարգ բարձր մակարդակի գործեր են։

  1. Ն. Թումանյան, Հուշեր և զրույցներ, էջ 304։
  2. Նույն տեղում, էջ 281։