Jump to content

Էջ:Զավեն Ավետիսյան Թումանյանի ստեղծագործական լաբորատորիան.djvu/58

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կենսական փաստի հայտնաբերումը և ապա ընտրությունը կապված է հեղինակի դիտողական ընդունակությունների հետ։ Կան հեղինակներ, որոնց դիտողականությունը թույլ է, չեն նկատում ամենակարևորը, ամենաանհրաժեշտը։ Այսպիսի հեղինակների կենսական տպավորությունները չափազանց թույլ են լինում, բնականաբար թույլ են լինում նաև սրանց գործերը։ Մարիամ Թումանյանին գրած նամակում Թումանյանը նկատել է. «Բանաստեղծի համար տպավորությունները հարստություն են — վայ այն բանաստեղծին, որ աղքատ է տպավորություններով»[1]։

Որքան ուժեղ են հեղինակի դիտողականությունը, նրա կենսափորձից եկող տպավորությունները, նույնքան խորն են էրուդիցիան, զուգորդական մտածողության հնարանքները, ինքնատիպությունը։ Գրողը ընթերցողից տարբերվում է նախ և առաջ իր դիտողական ընդունակությունների ուժգնությամբ։

Ես հազար աչքով բաներ եմ տեսնում,
Որ թաքնված են լռության ետև...

Թումանյանի բոլոր ստեղծագործություններն էլ ունեցել են իրենց կենսական ազդակը, կենսական փաստը։ Դրանք իրական փաստերի, եղելությունների գեղարվեստական վկայություններ են։ Փիլիպոս Վարդապետյանին ուղղված նամակներից մեկում (1904, օգոստոսի 7) ակնարկելով «Դու քո ճամփեն գնա, քույրիկ» բանաստեղծությունը, Թումանյանը գրել է. «Այս այն ոտանավորներից է, որոնց մեկնությունը իրենցից շատ ու շատ է երկար, որոնք կենսագրություն ունին, պատմություն ունեն իրենց ետևը։ Այսպիսի ոտանավորների տողերում է, որ թաքնված է լինում բանաստեղծի հոգին»[2]։

Ինչպես երևում է բանաստեղծի ինքնակենսագրականի գրառումներից, նա նպատակ է ունեցել ընթերցողին ներկայացնել իր ստեղծագործություններից մի քանիսի բացատրությունները՝ հատուկ ուշադրություն դարձնելով այդ ստեղծագործությունների կենսական ազդակների վրա։

  1. Հ. Թումանյան, Երկերի ժողովածու, հատ. 5, էջ 190։
  2. Նույն տեղում, էջ 273։