Jump to content

Էջ:Զավեն Ավետիսյան Թումանյանի ստեղծագործական լաբորատորիան.djvu/73

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վեստում։ Թումանյանը բացառություն չէր կարող կազմել, նրա գեղարվեստական մտածողությունը նույնպես ենթարկված է եղել իրականության կենսական տրամաբանությանը։ Ահա այս է պատճառը, որ հեղինակն այնքան սիրելով Գիքորին, ի վիճակի չէր փրկել նրան ողբերգական կործանումից, չէր կարող Մոսիին հաշտեցնել Սարոյի հետ, չխելագարեցնել Սաքոյին, կամ Նեսոյին քարաբաղնիսի փոխարեն փրկող դեղատոմսեր առաջարկել։ Այս է եղել կենսական անհրաժեշտության պահանջը, իրականության անժխտելի տրամաբանությունը։ Այս ուղղությամբ էլ, ահա, ընթացել է Թումանյանի ստեղծագործական մտածողությունը։

Խոսելով գրողի այս կամ այն ստեղծագործության կենսական աղբյուրի մասին, և կամ՝ այն մասին, թե ինչպես է նա կենսական փաստը օգտագործել գեղարվեստական սյուժե ստեղծելու համար, անհրաժեշտ է անդրադառնալ նաև երկի բուն մտահղացման հարցին։

Մտահղացումն ինքնին տարբերվում է կենսական ազդակից, չնայած որ ազդակը մտահղացման հողն է։ Ընդունված է ասել, որ մտահղացումը գեղարվեստական ստեղծագործության սաղմն է։ Սա իր մեջ ամփոփում է ստեղծագործական պլանի հիմնական տարրերը՝ գաղափարական միտումը, սյուժետային գիծը, կերպարների ընդհանուր կազմը, կոմպոզիցիոն պլանը և այլն։

Թումանյանի նամակներում՝ ուղղված Փիլիպոս Վարդազարյանին, Անուշավան Աբովյանին, իշխանուհի Թումանյանին և ուրիշների, հաճախ ենք հանդիպում «մի բան է հղացել մտքումս» կամ «ուզում եմ էսպիսի մի բան գրել» արտահայտություններին։ Սա արդեն խոսում է այն մասին, որ կենսական ազդակը մտահղացում է բերել բանաստեղծին։

Ինչպես համարյա բոլոր գրողների, այնպես էլ Թումանյանի մոտ, ոչ բոլոր մտահղացումներն են, որ վերածվել են գեղարվեստական գործի։ Մտահղացումը, որպես արվեստի գործի սաղմ, մինչև ծլարձակումն ապրում է հասունացման շրջան, կամ ինչպես գրականության մեջ ընդունված է ասել, ենթարկվում է հոգեբանական հետազոտման։ Թումանյանը սովորություն է ունեցել քննել մտահղացումը, կամ ինչպես ինքն է ասում, «պտտել մտքումը»,