Էջ:Ըմբոստի մահը 1.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Անտառը հուզված էր, հուզվա՛ծ մեծապես։

Խուլ, աճեցուն, զայրագին մի շշուկ գրավել էր նրան։ Հսկա կաղնիները բուռն շարժումով կռանում էին դեպի հացիներ, թեղին ու լորին վրդովված՝ շշնջում էին։ Թփերն անգամ, անճոռնի բաղեղներով գալարված, ոտները ճահճի մեջ, գաղջ հողի վրա պառկած՝ անհանգիստ էին․․․ Անտառն ամբողջ հուզված էր։ Անսովոր մի դեպք էր տեղի ունենում այդ բազմադարյան ճահճային աշխարհում, ուր ծառերը մինչև այդ՝ աճում էին, մեռնում, ուտում էին, ապրում, գիջության մեջ բորբոսնում, պարազիտներով լեցվում, բաղեղներով կաշկանդվում և ուր բոլորը գոհ էին, ոչնչի չէին ձգտում։

Բայց ահա մի օր ծառերից մի քանիսը պատռել էին ամեն պատուտակ, անցել ամեն ճահիճ, և արմատները, փոխանակ ըստ վաղեմի ավանդության դեպի ձորն ի վար իջեցնելու, սկսել էին դեպի լեռն ի վեր պարզել։ Այդ անսովոր էր, խիստ անբնական և անտառն ամբողջ իզուր չէր հուզվել։

Ի՜նչ․․․ արհամարհել պապենական սովորությունը, թողնել ճահիճն ու ձորերը, ճգնել ազատվելու պատուտակներից և որ գլխավորն է, դեպի լե՜ռը մագլցել։ Ինչի՜ նման էր այդ։

Նոր ծառերը, սակայն, անվրդով, անզգա կարծես այդ բոլոր հուզման՝ անցել էին գիջությունը, անցել գծված սահմանը, գնում էին դեպի վեր՝ ոստնելով ժայռերի վրայից, արհամարհելով արգելքները, պատռելով հողի կուրծքը։ Եվ որը առավելն է, այդ ամբողջ նոր ճյուղավորության ծայրում