Էջ:Ըմբոստի մահը 3.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էր քսում, կամ տերևներն ու ճյուղերը միմյանց խառնելով՝ գլխին դիզացնում․․․

Փչում էր քամին, այրում էր արևը, անձրևն ու հեղեղները թրջում էին նրան, ամպերը գլխին որոտում, փոթորիկը նրան ժայռեժայռ խփում, կայծակը նրա շուրջը շանթիչ գծեր պարզում․․․ և սակայն ծառը համառ, անդրդվելի՝ ելնում էր, ելնում և մշուշոտ, բարձր կատարների ձգտում․․․

――――――――

Եվ երկա՜ր֊երկա՜ր տանջվելուց հետո կես ճղակոտոր, տերևները կորցրած, հոգնած, ուժասպառ, խաղալիք քամիների, որոտումների տակ, կայծակի գծերի մեջ, անձրևներով թրջված՝ հասնում էր բարձր կատարին։ Այժմ նա մշուշին ցած էր թողել ճահիճների մեջ մնացած իր ընկերներին ծածկելու․ այժմ նա արևին էր տարածում իր թևերը, բայց, այժմ քան երբեք, նա մենակ էր, անընկեր, հեռու գետակից, հեռու ձորակից։

Եվ չէր ափսոսում։ Այդտեղ, բարձրության վրա հանգչած, զմայլում էր նա հեռավոր հորիզոնով, փայլուն արևի տակ ողողված լեռների կատարներով։ Անձրևը նրան ջուր էր տալիս, լեռան հողը՝ սնունդ։ Այնտեղ նա երազում էր իրենից մի նոր, բարձր կանգնած սերունդ ստեղծել, բռնել կատարը, արևի լույսի մոտ լինել, ամպերի խոնավությունից հեռու կենալ և ճահճային պատվանդանից միշտ ազատ մնալ։

Իսկ ցածի անտառը նայում էր դեռ նրան ծիծաղելով, նայում էր մենավորին, խենթուկին ու ասում.

— Կոչնչանա, կայծակը կփշրի նրան, քամիները կկործանեն հանդուգնին․․․

Գալիս էին քամիները, փշրում նրա ճյուղերը, ցրիվ տալիս տերևները․ գալիս էր անձրևը, մերկացնում էր նրա ոստը, ճկուն արմատները հեղեղների տակ ողողում․ գալիս էր և կայծակը, աղմկում, վժժում, շրջակա ժայռերը ցնցում, այս֊այն թփիկն այրում֊սևացնում և գոչում ծառին․

— Հանդո՛ւգն, ո՞ւր ես եկել ինձ մոտ, կայրեմ քեզ։

— Այրի՛ր,— ասում էր ծառը,— կայրվեմ այստեղ, բայց կայրվեմ բարձրության վրա․․․