Էջ:Ըմբոստի մահը 4.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այդպես էլ եղավ։

Մի չարագուշակ, փոթորկալից գիշեր քամիները ճղակոտոր արին ծառին, հեղեղը մերկացրեց արմատները և այրող, նախանձոտ կայծակն եկավ վժժալով ու նրա կրծքին խփեց․․․

Ծառը բռնկեց, սկսեց այրվել։

— Այրվում է՛…— քրքջաց ներքևից ճահճային անտառը։

— Նրա վերջն այդ էր,— ասում էին թփիկները։

— Տեսա՞ր, հանդո՛ւգն արարած,— կանչեց մեծ կաղնին,— մեռնում ես այժմ ահա․․․

— Բարձրության վրա՛…— մրմնջաց ծառը։

Եվ խոր ու խավար գիշերվա մեջ նրա բոցը փայլում էր հեռվից՝ մի կրակոտ աստղի նման։ Ճարճատում էր նա, ծուխ֊մուխ արձակում, իր մահը խնկում․ մահ այդքա՛ն շքեղ, այդքա՛ն բարձր․ և հողը նրա շուրջը կարծես տեղ էր բաց անում, ընդունելու իր ծոցի մեջ նրան, որ բարձրի ձգտեց և բարձրության վրա՛ էլ մեռավ․․․