Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/22

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գործը, անոր մեջ տեսնելով այն հատկանիշները, որ իր կարծիքով պետք է ունենա պատմագրողը։ Իսկ Փավստոսի մասին տարակույսով կխոսի, նկատելով անոր պատմության մեջ դրվագներ, որ չէր կրնար գրած ըլլալ Բյուզանդիոն կրթված մեկը, ուստի խարդախված կհամարե անոր պատմությունը։

Պատմագրության մեծագույն արժանիքը համարելով ստուգությունը, Ղազար օգտագործած է հավաստի աղբյուրներ իր պատմությունը գրելու համար, գիրերու գյուտին շրջանին համար՝ Կորյունի գործը, որ ականատես հեղինակ է։ Վարդանանց պատերազմի համար՝ մասնակիցներու վկայությունները և անշուշտ իր պատանեկան հուշերը. Վահան Մամիկոնյանի պատմության համար ալ՝ բուն իսկ Մարզպանին և անոր գործակիցներուն պատմածը և իր աչքով տեսածը։ Ավելի հին շրջանի անցքերը համեմատաբար համառոտ հիշված են և հավանաբար ծերունի վերապրողներու պատմածներեն ամփոփված։

Դեպքերը իրարու կհաջորդեն բնական կարգով և բնական պատճառակցությամբ։ Իբրև կրոնամիտ՝ սատանայի և Աստուծո մատը տեսնել չի մոռնար դեպքերու ծագման և թավալման մեջ, բայց անոնց չարակցությունը և պատճառական կապակցությունը կուտա աշխարհիկ կարգով։ Պետական նկատումներն են, որ Հայերը կրոնափոխ ընելու քաղաքականության ծնունդ կու տան պարսիկ արքունիքի մեջ. անձնական շահը և մարդկային վրիժառության կիրքն է, որ կմղեն հայ նախարարները իրենց կրոնը փոխելու (Վասակ Սյունիի փեսան՝ Վարազվաղան և ուրիշներ)։ Կրոնափոխության դյուրին ճամբան է, որ անարժեք մարդիկ կհանե պաշտոնի գլուխ և բարոյապես ու ռազմապես վարկաբեկ կընե հայ զորքն ու ժողովուրդը։ Անձնական հաշիվներով է, որ Վահան Ամատունին կ՚ստիպե Վարդանը շուտափույթ ապստամբության ձեռնարկել, դեռ հույներե օգնության խոստում չստացած։ Այդ հաշիվն էր վնասեր Վասակ Սյունիին, որ մարզպան էր և որուն հակառակ էր Ամատունին։ Նախանձն էր, որ կստիպեր ուրացողները ամբաստանել Վահանը պարսիկ թագավորի առջև։ Ներքին խռովությանց հետևանքով է, որ պարսիկ արքունիքը զիջող ընթացք բռնեց ապստամբ Վահանի հանդեպ և այլն։

Ղազար դեպքերը կպատմե հանգամանորեն և կձգտի ոչինչ թողել անորոշ ու մթին։ Պետք եղած ժամանակ կիջնե մանրամասնությանց, պայծառորեն ներկայացնելու համար դեպք մը, վայր մը, անձ մը, հանգամանք մը, Պոլսո անցյալն ու աճումը, Աղան Արծրունիի կյանքը, Խուժիք ասորիի ձեռնարկը մեր նահատակներու ոսկերոտիքը ձեռք բերելու, Վահանի կռիվները, աքսորական նախարարներու կենցաղն են և այլն։