Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/23

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Պատմագրությունը ստեղծաբանություն է իսկապես վերապրած և ցրիվ տեղեկությանց հիման վրա կառուցանել անձերու, հաստատությանց և պետությանց կյանքը. բայց պետք է որ կառուցման հիմքին մեջ ստուգված իրողություններ դյուրին և պատճառական շղթան խելամոտ ըլլա։ Ղազար դիմած է ստեղծաբանության, սակայն իր հնարքները հարմարած են կացության կամ հղկումն են իրականի։ Իր երևակայությունը կհորինե իրականին շրջանակին մեջ և ստույգ իրողության հիմքին հենած։ Անշուշտ չէր գիտեր, թե իրոք ի՞նչ խոսած է Միհրներսեհ՝ պարսիկ արքային, բայց կրոնափոխության քաղաքականությունը իրական փաստ էր, պետական հրահանգն ու հրամանը՝ նույնպես։ Եվ ահա Ղազար այս կացության համար խոսքեր կդնե Միհրներսեհի բերանը։

Այն ամենը, որ Վահան խոսած է Պարսից արքայի կամ Նիխորի մոտ՝ Ղազար գիտեր անշուշտ բուն իսկ Վահանի պատմածեն. բայց Վահանի ըսածն ու խոսածը հղկված կերևի Ղազարի գրչով։

Սահակ կաթողիկոսի կամ Գյուտի խոսքերը հայ նախարարներու կամ Պարսից արքայի հետ՝ Ղազար լսած չէ։ Բայց անոնց ընդհանուր բովանդակության մասին տեղեկություն ունեցած է և ահա մեզի կու տա հաջող հորինված խոսքեր, որոնք պատշաճ են խոսողին և տեղին, ուր խոսված են։

Ըլլալով ստեղծաբանություն ըստ ձևի և հորինվածքի, այդ ամենն ու նմանները իրական են ըստ գոյության։ Սուտեր չկան իր պատմածի մեջ, քանի որ հետամուտ է ստուգության, բայց ձևը Ղազարինն է, որ ունի շատ հաստատուն և գրական կրթություն։ Ղազար կրոնավոր է և ճգնասեր, բայց ապրած է նախարարական շրջանակի մեջ, ուստի աշխարհիկ կյանքի անցուդարձերու հետաքրքրությունն ունի և ըմբռնումն։ Ճիշտ է՝ իր աշխարհիկ գործող անձերուն մեջ միշտ կձգտի կրոնական կողմը շեշտել, բայց երբեք չի մոռնար անոնց աշխարհիկ գործունեությունը աշխարհորեն ցուցադրել, պայծառ ու որոշ տալով անոնց տեղը, ժւսմանակը, ընթացքը, արդյունքը։ Իր գլխավոր հերոսը Վահանն է. մարզպան և ուրեմն առաջին մարդը հայության մեջ։ Բայց Ղազար ոչ շողոքորթ է, ոչ ալ ներբող կհյուսե։ Ոչ վկայարան՝ Ագաթանգեղոսի պես, ոչ բանաստեղծ և հերոսապատում՝ Փավստոսի նման, այլ չափակից և իրատես։ Վահանն իբր ապստամբ անոր գրչի տակ չանցներ այն սահմանը, որ հատուկ է հայու ավանդական խիզախության։ Խորապես և իրապես քրիստոնյա՝ Ղազար արհամարհող է մազդեզական կրոնը, բայց պարսկատյաց չէ. գիտե տարբերել լավն ու վատը։ Նիխոր, Անդեկան, Վաղարշ իր գրչի տակ կերևան լուրջ ու բարեմիտ պետական անձեր. Վասակ