Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/55

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անսպառ բարություն սիրելու հայ գիրն ու դպրոցը։

Ղ. Աղայանն այն մարդկանցից մեկն է, որ մեծանում են ժամանակի ընթացքում, նրա մեծությունն այսօր զգում ենք, վաղվան սերունդը պիտի հասկանա։ Մենք համոզված ենք, թե այդ զգացումը շատ մարդ պիտի հավաքե այսօր նրա հիշատակով մի անգամ ևս պայծառ տրամադրություն ապրելու։

Հորիզոն, 1913, № 137
Հ. Շիշմանյան - Ծերենց

Գրական ընկերության հերթական երեկույթը այսօր նվիրված է Ծերենցի հիշատակին։ Քսան և հինգ տարի առաջ հայ հասարակությունը կորցրեց իր լավագույն անդամներից մեկին և հայ գրականությունը իր տաղանդավոր մշակին, որ Րաֆֆու կողքին հայ պատմական վեպի ականավոր ստեղծողն է մեզանում։

Մտավորական դասը մի անգամ ևս առիթ կունենա հիշելու Ծերենցին և իր գործը, ասելու իր հարգանքի խոսքը նրա հիշատակին և արտահայտելու իր վերաբերումը դեպի նրա ստեղծագործությունը։

«Թորոս Լևոնի», «Թեոդորոս Ռշտունի» և «Երկունք Թ. դարու» մի-մի հուշարձան են Ծերենցի ստեղծագործական տաղանդի և հայ գրականության լավագույն երկերի թվին են պատկանում։ Նրանք արդյունք են ազգային գիտակցության այն արթնացումի, որ վաթսունական թվականներից նկատվում է թե թուրքահայերի և թե ռուսահայերի կյանքում։

Ազգային արթնացած գիտակցությունը մի կողմից հետամուտ էր Հայաստանի ապագան ուրվագծվելու, մյուս կողմից նրա անցյալը պատկերացնելու։ Ապագան անցյալի վրա հիմնելու մտահոգությամբ ժամանակի կարկառուն գրական դեմքերը ջանք են անում հասկացնել ժողովրդին, թե ով է ինքը, որտեղից է գալիս, ինչ պատմական անցյալ ունի և ինչ ապագա կարող է հուսալ։

Այդ տիրական մտահոգությունը մղում էր տալիս և՛ բանաստեղծի, և՛ վիպասանի, և՛ հրապարակախոսի, և՛ պատմաբանի ստեղծագործության և աշխատանքներին։

Բանաստեղծը երգում էր Վարդանին ու Ղևոնդին, վիպասանը՝ Դավիթ Բեկին, Հովնանին և հայ ազատորյարն էր ցուցադրում թմրած հայության աչքին, հրապարակախոսը հայոց հարցն էր հարուցանում, գիտնականը