Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/56

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հայաստանի պատմության և աշխարհագրության մասին էր խոսում։

Այս ընդհանուր հոսանքի մեջ էր նաև Ծերենցը. նրա երևակայությունը հածում էր բացառապես հայի պատմական անցյալում և ընտրում էր այնպիսի նյութեր, ուր երևում է հայի ինքնապաշտպանության կորովը և նոր կյանքի հետամուտ լինելու անխորտակելի կամքն ու կարողությունը։

Նա գրում էր մի այնպիսի ժամանակ, երբ թրքահայ լեզուն սւնմատչելի էր Կովկասի ընթերցող հայության։ Նրա գործերն այդ պատճառով այն լայնասփյուռ ժողովրդականությունը չունեցան, որին արժանի էին իրենց ներքին հատկություններով։

Այսօր մենք շատ ավելի նպաստավոր պայմանների մեջ ենք այդ կողմից և ռուսահայը շատ ավելի հնարավորություն ունի գնահատելու Ծերենցի տաղանդը։

Հուսով ենք, թե այդ գնահատությունը հանդես կգա Գրողների Ընկերության այսօրվան երեկույթի մեջ։

Հորիզոն, 1913, № 112
Հ. Հովհաննիսյան

Բագվում այսօր կատարվում է բանաստեղծ Հ. Հովհաննիսյանի գրական գործունեության երեսնամյակի հանդեսը։ Հայոց կուլտուրական հիմնարկությունները և համակիր շրջանակները այսօր առիթ կունենան իրենց հարգանքը մատուցանելու այն մարդուն, որ երեսուն տարի ստեղծագործել է իբրև բանաստեղծ և պատվավոր տեղ է գրավել հայոց նոր գրականության մեջ։ Երկար տարիներ նա եղել է նաև ուսուցիչ, ունի բազմաթիվ աշակերտներ, բայց նրա գրական դեմքն է, որ այսօր գրավում է մեր ուշադրությունը և դրանով է, որ նա պիտի անմահանա գրականության պատմության մեջ։

Որքան էլ գրական քննադատությունը և գրասեր մարդիկ տարբեր կարծիք ունենան Հ. Հովհաննիսյանի տաղանդի, նրա ստեղծագործ կարողության չափի և նրա կատարած դերի մասին մեր գրականության մեջ, մի բան մնում է անկասկածելի - այդ նրա բանաստեղծական անվիճելի տաղանդն է և այն հանգամանքը, որ նա առաջինն եղավ Գամառ–Գաթիպայից հետո հայ քնարը ձեռք առնող։