Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/61

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ներկայանում է իբր մի պարզ գործ և որն իրոք խտացումն ու կարգավորումն է բազմաթիվ ապրումների և հայ ու օտար տարբերակների։

Այստեղ մենք այնքանը միայն կարող ենք ասել (օգտվելով իր բերանացի բացատրությունից), որ Հովհ. Թումանյանը այս հեքիաթի մշակության ժամանակ մտցրել է մի քանի մանրամասներ հարսանիքի տեսարանում։ Բացի այդ՝ բուն նյութը նա զարդարել է երեք սիրուն երգերով, որոնցից մեկը ժողովրդական՝ միայն մի փոքրիկ հարմարացումով և մի սրամիտ բառախաղի հավելումով (Նազարը և իր Նազ-յարը)։

Կարող ենք վկայել, որ իր ավելացրած մանրամասները չեն հակասում մեր ժողովրդի այդ ստեղծագործության բնույթին և հարազատության, ընդհակառակն նրանք լրացնում են այն ազգային իմաստությունը, որով տոգորված է Քաջ Նազարի բազմաբովանդակ նյութը։

Բանաստեղծի հավելվածը մենք նկատում ենք մի տաղանդավոր անհատի մեկնություն մի դարավոր առեղծվածի. մի իմաստալից պատասխան՝ մի դարավոր հարցի։

Չկա այդտեղ ոչինչ անբնական և հակագեղարվեստական։ Ուրիշ տաղանդավոր անհատներ՝ ժողովրդական պատմիչներ՝ նույնպես ծաղկեցրել են որևէ նոր արկածով կամ մանրամասնությամբ ժողովրդական այս կամ այն նյութը իրենց ժամանակի հայացքով մեկնաբանելով նրան ու լրացնելով թերի համարվածը։ Երբ ասում են, թե ժողովրդական բանահյուսությունը հավաքական ստեղծագործության արդյունք է, այդ մտքով պետք է հասկանալ։

Քաջ Նազարի պատմությունը շատ պարզ է. վախկոտի մեկը, որ առանց կնոջ իրենց շեմքն իսկ չէր կարող դուրս գալ գիշերով, մի քանի նպաստավոր արկածներից հեստ, որտեղ իր մասնակցությունը լիովին կրավորական է, հասնում է փառքի և մեծության ու դառնում թագավոր։ Յոթ հսկաներ ծառայում են նրան, հսկաների սիրուն քույրը նրա կինն է, ժողովուրդը նրա գովքն է երգում և աշխարհը նրա բռան մեջն է։

«Ասում են մինչև էսօր էլ դեռ ապրում ու թագավորում է Քաջ Նազարը։ Ու, երբ քաջությունից, խելքից, հանճարից մոտը խոսք են գցում՝ ծիծաղում է, ասում է.

- Ի՜նչ քաջություն, ի՜նչ խելք, ի՜նչ հանճար, դատարկ բաներ են բոլորը։ Բանը մարդուս բախտն է։ Բախտ ունե՞ս - քեփ արա։

Եվ ասում են մինչև էսօր էլ քեփ է անում Քաջ Նազարը ու ծիծաղում աշխարհի վրա (էջ 16)»։

Նազարը, որին կինը տանից դուրս էր արել, հարևանի իշին նստած մտնում է անտառ, նա գոռում է վախից, իսկ դիմացից եկող գյուղացին