Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/106

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այս երկու պատկերը ցույց են տալիս, թե հեղինակը կարող է ավելի հետագայում արժեքավոր երկեր տալ մեզ, քան ինչ որ զետեղել է իր ժողովածուների մեջ։

Պատկերը, նորավեպը գրական մի ճյուղ է, որ շատ հարմար է գալիս մեր անհամբեր ու անպարապ ժամանակին, երբ մեծ վեպեր կարդալու ոչ ոք ախորժակ ու հնար չունի բացի պատանիները։ Այդ ճյուղն իր վարպետներն ունի. համաշխարհային գրականության մեջ Բոկկաչիո, ֆրանսականի մեջ՝ Մոպասան, Ռուսաստանում՝ Չեխով։ Սրանց ուշադիր ուսումնասիրությունը կարող է մեծապես օժանդակել մեր հեղինակին համաչափելու իր հորինվածքը, պարզելու իր ուրվագիծը և հմտանալու լեզվի մոգական կարողություններին։ Ուսումնասիրել ոչ թե նրանց հետևելու ստրկաբար, ինչ որ կլիներ ծիծաղելի, այլ նրանց օգնությամբ սեփական ճամփան հարթելու, որ կլիներ մի ծառայություն մեր գրականության և փառք ու հռչակ հեղինակին։


Հառաջաբան[1]

Չորս տարի առաջ լույս տեսավ Ժագ Հակոբյանի «Գաղտնի ճամբան» և որքան գիտեմ մամուլի մեջ անդրադարձում չունեցավ։ Չգիտեմ արդյոք շատե՞րն ընդունեցին քերթողի հրավերը և թողնելով իրենց «Հին սիրտը»՝ «մանուկի պես ժպտուն»՝ նրա հետ երկար խոկացին

... մեծ սերեր, ոսկի տարփանք, հույսեր նոր,

վաղորդայններ լուսավոր»։

Չեմ զարմանա, եթե քչերն ընդունած լինեն այդ հրավերը, որովհետև այս նոր քերթողը հոգեկան արտասովոր կառույց ունի և անսովոր ստեղծագործություն։

Իր «Երանգապնակս» քերթվածի մեջ ինքն իսկ լավապես ցուցադրած է իր դավանանքը բանաստեղծության մասին և իր հոգեկան կառույցի բնորոշ կողմը։ Ես չեմ տեսնամ ցայգն, ասում է նա, և ոչ լսում սրինգի ձայնը, ես «կզգամ»։ Իր ըմբռնումով

Բնությունն գգայություն է համրուն

Եվ Բանաստեղծն զգայությանց նկարիչ...

Ուրեմն ո՛չ թե զորավոր զգացումներ կամ բուռն կրքեր ունի Ժ. Հակոբյան, այլ լոկ զգայություններ, որ սակայն չափազանց նուրբ են և այդ նրբությամբն իսկ՝ անսովոր։

  1. Ժագ Ս. Հակոբյան, Մեղրալուսին, Կահիրե, 1943, էջ 5-10։