Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/107

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մեր նկուն օրերի ծնունդն է Ժ. Հակոբյան, երբ խամրած են համազգային իդեալները, երբ թմրած է լայն խոյանքներ ստեղծելու կարողությունը, երբ հայ զանգվածներն ապրում են այլազան միջավայրերում՝ հետապնդելով անձնական կամ տեղական շահեր և ստեղծելով ինքնամփոփ խմբակներ։ Նա պատկանում է մեր նոր սերնդին, բայց ոչ այն խավին, որ ճանկրտուքով հաց է վաստակում և ոչ այն խավին, որ ապրում է մեր մարտական հուշերով, այլ այն սակավաթիվ անձերի շարքին, որ ապրում են ոգեկան կյանքով և ձգտում են հարատևել հայ մշակույթը։ Տխուր է այս խավի ներկան և անստույգ՝ ապագան։ Իր ոտքի տակ նա հայրենի հող չունի և իր շուրջը՝ հայրենի միջավայր։ Իր ապրումները լայն արձագանք չեն գտնում, նա ապրում է հանրորեն մեկուսի։ Այս հանգամանքը ծանրանում է նրա ներքին աշխարհի վրա։ Նա չի ապրում իր հանրությանն համընթաց, դա կլիներ ոգու մահացում և գռեհկացում։ Նա ապրում է տարաշխարհիկ գրականության ոլորտում, որ սակայն մտերմորեն չի խոսում իր սրտին։ Իր ոգին թռիչքներ ունի և սիրտը՝ հույզեր, որ խորթ են իր ցեղակից միջավայրի համար։ Այդ ցեղակիցը հաց է վաստակում և մեղմակի օտարանում է, նա հազիվ հասկանում է լրագրի լեզուն. նա հազիվ կարող է ընթացիկ գաղափարներ ըմբռնել և ընթացիկ զգացումներ ներապրել։ Միայն փոքրիկ և մտերիմ խմբակներ կամ թե այս ու այն կողն ցրիվ անհատներ հասկանում ու համազգում են իրար, բայց այդ ջերմին մտերմությունը և հեռավոր արձագանքները բավական չեն խթանելու նոր սերնղի ստեղծական կարողությունը և ցնցելու սիրտ ու միտք։ Եվ այսպես է, որ գուլանում է ամեն կարողություն և թուլանում ամեն ճիգ։ Ինքնամփոփ խմբակների մեջ մշակվում են խմբակային և մինչև իսկ անհատական լեզուներ. ստեղծագործությունը դառնում է ջերմանոցային. հոգիները փշակալում են կամ չափազանց նրբանում. գրականությունը դադրում է հանապազորդ հաց լինել և դառնում է մեկուսի խմբակների և ինքնամփոփ անհատների վայելք։ Նոր սերնղի զանգվածը ոգու սով չունի, իսկ սակավաթիվ անձերը, որ այդ սովն ունին, ապրում են գանգվածներից դուրս, վեր ու մեկուսի։

Բայց այդ մեկուսի ոգիներն են, որ արժեք ունին և ստեղծում են հանրային արժեքներ։ Նրանց ներքին աշխարհի մեջ է ազգն իր վերելքն ապրում և իր կարողությունները ցուցադրում։ Նրանք են, որ ստեղծում են մշակույթ և հարատևում ազգի ոգեկան կերպարանքը։ Դժնդակ պայմանների բերումով ազգի բազմությունն ու իր մեծարժեք ծիլերն ապրում են տարանջատ և ծիլերը հաճախ խամրում են բավարար սնունդ չառնելով ցեղակից հողից; Բայց այդ ծիլերն են՝ որքան և վտիտ՝ մեր