Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/11

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պատմությունը դառնում է ազգի ոգեկան կյանքի պատկերն իր հաջորդական փուլերով։ Ի՞նչ են մտածած, զգացած ու կամեցած նախորդ սերունդները- սա բովանդակությունն է. ի՞նչպես են մտածած, զգացած ու կամեցած- սա ձևն է։ Ձևն ու բովանդակությունը պետք է ցուցադրվին գրականության պատմության մեջ իրենց հաջորդական փուլերով։ Դրանով կորոշվի ազգի հասողության սահմանը իմացական մարզի մեջ։

Ցուցադրությունը մի պատկեր է, որ կարող է և պետք է լինի կենդանի և թելադրական, սակայն բավական չէ մի երևույթ և իր հոլովույթը կենդանագրել. պետք է նաև մեկնել։ Այսպիսով գրական երևույթների հաջորդական փուլերի ցուցադրությունը և նրանց հոլովույթի մեկնությունն է գրականության պատմության նյութն ու բովանդակությունը։ Գրական պատմությունը խոսում է մի հեղինակի մասին և նրա անձով և ապրած միջավայրով մեկնում է նրա երկերը. գրականության պատմագիրը հեղինակների երկերն առնում է իբր գրական տեսակներ- իբր վեպ, քերթված, թատերակ, պատմագրություն, գիտություն, իմաստասիրություն - և նրանց երևումն ու ընթացքը մեկնում։ Գրական պատմագրի հետազոտությունը դառնում է նյութ մի նոր ուսումնասիրության. երկն իբր մասնավոր երևույթ դառնում է նմուշ մի գրական տեսակի և մի տարր համադրության։ Գրականության պատմագրի աշխատանքը մի գումարում չէ անջատ եզրակացությանց և ընդարձակ հետազոտությանց, այլ մի նոր կառուցում, որ ցուցադրում է ոչ թե զատ գործեր, այլ գրական տեսակներ և նրանց հոլովույթը պատճառական մեկնությամբ։ Մեր հին գրականությունն ունի հարյուրավոր սրբոց վարքեր ինքնուրույն և թարգմանական. դրանք մեր հին գրականության վիպագրությունն են և կենսագրական հորինվածքները։ Գրական մի ուրույն տեսակ է դա, որ արմատ բռնած է մեր հին գրականության մեջ առաջին օրից և շատ երկար ժամանակ տևած է իբր իմացական բուն, որով ընթացած է մեր գրական ստեղծագործությունը։ Արդ՝ ոչ բոլոր վարքերն իրար նման են իբր գրական գործ, իբր հորինվածք և բովանդակություն։ Առնելով դրանցից մեկն իբր հետազոտության նյութ՝ գրական պատմագիրը պետք է ջանա գտնել նրա հեղինակը, երկի երևման ժամանակը, իր կախումը նույնանման հայ և օտար գործերից, իր ներքին բնույթը և արժեքը, իր ազդեցությունը հետագա նույնանման գործերի վրա։ Գրականության պատմագիրը սակայն պետք է քննության առնե ոչ թե մի վարք, այլ վարքագրական բովանդակ գրականությունն իբր հատուկ գրական տեսակ. պետք է ցուցադրե նրա հոլովույթը դարերի ընթացքին, զատորոշե հորինման տարբեր ձևերը, հեղինակների մտայնությանց տարբերությունները և