Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/112

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
<Մանկական գրականության մասին>

Կինը մեր ընթացիկ հասարակական կյանքին քիչ է մասնակցում, թեև մասնակցում է։ Նույնիսկ «կանանց խնդիրը», թեև մեզանում ամեն տեղ, ուր ընտանեկան հավաքում է լինում, խոսակցության խոսք ու զրույցի նյութ է դառնում, բայց մինչև այսօր նա այդ նեղ շրջանումն էլ մնացել է և ասպարեզ չի դուրս հանել մի կին-ուժ իր պաշտպանության համար։ Մինչև այսօր այդ խնդիրը չի կարողացել շարունակվող դրական արտահայտություն ստանալ մի կին գրողի շնորհիվ. դեռ նա կանանց միջից մի երդվյալ պաշտպան և ուսումնասիրող չի դուրս հանել[1]։

Թեև այսպես է եղել նրա վերաբերմունքը դեպի իր սեփական խնդիրը, այնուամենայնիվ, ինչպես վերն էլ ասինք, նա մասնակցել է մեր հասարակական ընթացիկ կյանքին։ Մի կողմից նա եղել է վարժուհի և բարեգործ, մյուս կողմից իր ուժերը տվել է գրականության։ Մեզ հետաքրքրում է, այն էլ ամենաընդհանուր գծերով, կնոջ գրական մասնակցությունը՝ որքան նա արտահայտվել է մանկական գրականության մեջ։ Մենք ունինք մանկական գրականություն, որ ընդհանրապես առած՝ թե որակով և թե քանակով փոքր է. ունինք նաև հատկապես մանուկների համար մի ամսագիր՝ «Աղբյուրը»։ Բայց թերթելով թե այդ գրականությունը և թե այդ միակ ամսագիրը, մենք չենք տեսնում ինքնուրույն կին ուժեր, որոնք իրանց անունը կապած լինին այդ գրականության հետ։ Ըստ երևույթին ինչ ավելի լավ ասպարեզ «մայրերի» համար, բայց ինչ էլ որ լինի, իրողությունն այն է, որ թեև այդ ասպարեզը նրանց համար շատ հարմար է և միշտ էլ բաց է եղել նրանց առաջ, բայց և այնպես մանկական գրականությունը չունի մի ինքնուրույն կին գրող, որ անուն հանած լինի և ճանաչված։ Ինքնուրույն ներկայացուցիչ նա ունի վիպական գրականության մեջ մեծերի համար (Տիկ. Մ. Մարիսյան - Խատիսյան)։

Որքան անմխիթար է դրությունը ինքնուրույն կին-ուժեր արտադրելու կողմից, նույնքան մխիթարական է, երբ նայում ենք նրա թարգմանիչ ուժերին։ Ճիշտ է, մինչև այսօր՝ խիստ առած՝ ինչպես ինքնուրույն, նույնպես և թարգմանական նկատելի կին ուժեր համարյա չունինք, ուժեր, որոնք խոշոր երկերի թարգմանություններով հռչակված լինին. ճիշտ է, որ նրանք մեծ մասամբ գրական զբաղմունքի սիրողներ են եղել, բայց այս էլ կա, որ այդ սիրողների թիվը ստվար է և նկատելի, նրանցից մի

  1. Այս ուղղությամբ մի երկու թույլ փորձ է եղել կանանց կողմից. օրինակ՝ Սոֆյա Երկայնաբազուկ-Արղությանի «Հավատն ինձ կփրկի», Մուրճ, 1897թ., № 5-6։