Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/113

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քանիսը նույնիսկ բավական շատ և երկար են աշխատել. օրինակ տիկ. Խոջաթումանյան «Նոր–Դար»–ում և օր. Շխյան՝ «Աղբյուր»–ում։ Այդ իրողությունը մեր աչքում մեծ գին ունի, որովհետև կին-թարգմանիչների շատությունը մենք մի քայլ ենք համարում դեպի ինքնուրույն ուժերի երևան գալու հնարավորությունը։ Կնոջ գրիչը փորձվում է թարգմանությունների մեջ, դրանով ամրանում է նրա վստահությունը, դրանով նա վարժվում է գրական աշխատանքին, և ուշ չէ գալու գուցե այն ժամանակը, երբ մենք ինքնուրույն կին-գրողներ կունենանք։

Այս է մեր կարծիքով այն մեծ սպասավորությունը, որ կին թարգմանիչները իրանց գրական վաստակներ արած անմիջական ծառայությունից դուրս, անում են մեր առաջադիմության գործին. անկասկած սա մի նշանավոր ծառայություն է. նրանք հետագա կին-ուժերի համար ճանապարհ են հարթում։

Այս գործին նպաստողներիցն է նաև տիկ Տիրուհի Կոստանյանը, որ ահա քանի տարի է իրան տվել է թարգմանական գրականության և վերջերս մանուկների համար գրքեր թարգմանելով է զբաղված։ Նախքան նրա թարգմանած գրքույկների մասին խոսելը, մենք ավելորդ չենք համարում պարզել մի քանի տեսակետներ, որոնցով մենք ղեկավարվում ենք մանկական գրքույկների մասին կարծիք հայտնելիս։

Հեքիաթները մանուկների սիրած բանն է և մեծ հափշտակությամբ կարդում ու լսում են մինչև մի հայտնի հասակ՝ քանի դեռ խելքը զգալի չափով չի զարթնել և չի ղեկավարում նրանց։ Հսկաները, հրաշքները, սքանչելի արկածներն ու վառ երևակայության մարմնացումները գրավում են նրանց։ Բայց մանուկների այդ հակումը, պետք է լուրջ ուշադրության նյութ դառնա և հայտնի ընտրությամբ պիտի նրա ձեռքը հեքիաթներ տալ, որ նշանակում է, թե հեքիաթներ ընտրելիս պիտի ղեկավարվել հայտնի սկզբունքներով։ Որոնք են այդ սկզբունքները[1]։

Ահա մի քանիսը գոնե։ Նախ պետք է աշխատել որքան կարելի է հայ մանուկի ձեռքը հայ ժողովրդական հեքիաթ տալ՝ լավ հայերենով գրած։ Մինչդեռ մեծ մասամբ (երկու բացառությամբ) մեր մանկական գրողներն աշխատում են շարունակ թարգմանական հեքիաթներով և թարգմանական լեզվով կերակրել հայ մանուկին. թող ամեն մեկը մտածի, թե ինչ մեծ վնաս է հասցնում այդ հանգամանքը մեր մանուկ սերունդի կրթությանը... Այդ ուղղությամբ փորձեր շատ քիչ է լինում մեր գրականության

  1. Այստեղ շոշափված հարցերի մասին նայեցեք ու համեմատեցեք «Դաստիարակչական մոլորություններ» Ե. Ղազարյանցի, Մուրճ, 1890, № 9, «Մանկական ընթերցանություն, նույն մարդու, Մուրճ, 1890, № 3 և «Դեռահասների ընթերցանությունը» Հ. Տեր-Միրաքյանի, Մուրճ, 1898, № 9, 10-11։