Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/114

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեջ և մենք կարծում ենք, թե այդ առաջ է գալիս խնդիրը բավականաչափ խորն ու խելացի ըմբռնել չկարողանալուց... Նոր սերունդին, մանավանդ այսպես կոչված «ինտելիգենտ» դասի նոր սերունդին պետք է աշխատել մանկությունից կապել իր հարազատ ժողովուրդի հեքիաթների հետ, որոնք ավանդաբար՝ դարերի ընթացքում մեր ոգին պահպանող ժողովուրդը հասցրել է մինչև մեր օրերը։ Հետո այդ առողջ հիմքի վրա կարելի է և կարևոր է ավելացնել օտար ազգերի հեքիաթները։ Այս մեկ։

Հեքիաթները ահագին նշանակություն ունին մի ազգի մտային կուլտուրան ուսումնասիրողի համար. անհիշատակ ժամանակներում կորած շատ բաներ կարելի է դուրս կանչել հեքիաթների միջից. մի ազգի վիճակը իր դրոշմը դնում է նրա ոգեկան արտադրությունների վրա. նրա ոգին արտացոլում է նրանց մեջ, լինին այդ արտադրությունները բանավոր, թե առարկայական, իրավական հարաբերություններ թե բարոյական աշխարհայացք։ Հեքիաթների շնորհիվ խավարում կորած անցյալը իր աշխարհայացքը կտակում է հետագա սերունդին և այդպիսով իր ոգով կրթում է նրան։ Բայց, օրինակ, հենց մի ազգի՝ թեկուզ մեր ազգի՝ դարերով մշակած բարոյական հասկացողությունները անպայման ուսանելի չեն մեզ համար, որպես գործնական կյանքի խթաններ։ Նրանք հետաքրքրական կարող են լինել և են ազգի մտային կուլտուրան ուսումնասիրողի համար, բայց կարող են գործնական հետաքրքրություն չունենալ, որպես հնացած և վնասակար սկզբունքներ և հասկացողություններ։ Օրինակ, մի հեքիաթ, ուր խորթ մայրը մի հրեշ է դուրս բերած, շատ հետաքրքրական է այն տեսակետից, թե ինչ կարծիք ունի ժողովուրդը խորթ մոր մասին, բայց բնավ ուսանելի և խրատական չէ այդ մեր մանուկների համար[1]։ Մինչդեռ մարդասեր և ողորմած վերաբերմունքը դեպի աղքատը նույնքան թանկ է մեզ համար և նույնքան մանուկի սրտում պատվաստելու արժանի, որքան մեր ծերունի ապուպապերի համար է եղել։ Պարզ է ուրեմն, որ ամեն հեքիաթ չի կարելի մանուկի ձեռքը տալ, նա լավ է և խրատական ոչ թե նրա համար, որ հեքիաթ է, այլ որ ուսանելի և կրթիչ հեքիաթ է. այս դեպքում բանը հատկությունն է և ոչ էությունը։ Անհրաժեշտ է ուրեմն հեքիաթները մեծ զգուշությամբ ընտրել, մոտենալով նրանց որոշ գնահատության չափով։ Մեզ համար այդ չափը այն իդեալներն են, որոնց ձգտել ու ձգտում է մարդկությունը. և այդ տեսակետից էլ նայում ենք հեքիաթների ընտրության վրա։ Սա մի շատ

  1. Մենք վեր առանք պ. Տեր-Միրաքյանի բերած օրինակը ավելի լավը չունենալու համար։