Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/115

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կարևոր հանգամանք է. և մենք մանկական գրականությամբ պարապողների ուշադրությունն ենք դարձնում սրա վրա. մենք շեշտել ուզեցինք այս հանգամանքը, որովհետև չենք նկատում թե նրա կարևորությունը լուրջ կերպով գիտակցելիս լինի։ Այս երկու։

Իսկ երրորդը հետևյալն է։ Նախնական ստեղծագործությունը բնության մեջ բարի և չար ուժեր է նկատում և նրանց անձնավորում է բարի և չար ոգիների բանաստեղծական պատկերներով, բարիները երևում են լուսաշող, հրաշալի, սիրող, իսկ չարերը՝ հրեշավոր և այլանդակ, սարսափ ազդող պատկերներով։ Մեր ժամանակի մանուկի հոգին, որ նրբացել ու քնքշացել է դարերի ընթացքում և կորցրել հին մարդու հոգու ամրությունն ու դիմացկունությունը, անկարող է տանել հրեշավոր ու սարսափելի պատկերներ, նրանք ահ են ազդում միայն և գրգռում երևակայությունը՝ դարձնելով այդ երևակայությունը հիվանդոտ։ Այս հանգամանքը նույնպես պիտի աչքի առաջ ունենալ և հեքիաթներ ընտրելիս վերցնել իրականի չափազանցություններ ունեցող հեքիաթներ. օրինակ՝ հսկայական հասակ, աներևակայելի ուժ - ինչպես Աղայանցի «Տորքը». միշտ հեռու մնալ սոսկալի տեսարաններից, արյունարբու և վրիժառու հակումներից, անսիրտ գործերից և այլն։

Ինչ վերաբերում է կիսաիրական փոքրիկ պատմվածքներին ու վեպիկներին, դրանց մասին կասենք հետևյալը։ Ժամանակ է վերջապես, որ մանկական գրականությունը դառնա գեղարվեստական և թողնի իր տենդենցիականությունը. թե մեծերը և թե մանուկները անշուշտ հոգնել են այդ տխմար ու անօգուտ ուղղությունից, մանուկների ձեռքը պետք է տալ ստեղծագործություններ և ոչ հնարովի ու սուտ պատկերներ։ Պարզենք մեր ասածը։ Ամենքը կարդացած կլինին այն «Տոնածառի» առակները, որ ամեն հունվարի հեղեղում է մանկական գրականությունն ու հրատարակությունները. Լևոնը կամ Արշակը նոր տարուն տոնածառ ուներ և ուրախանում էր իր ընկերների հետ. պատուհանից նայում էր մի խեղճ ու ցնցոտիներով փոքրիկ տղա, կամ թե՝ դռանը սրթսրթում էր մի փոքրիկ աղջիկ. Լևոնը կամ նրա մայրը տեսավ, ներս կանչեց, միրգ տվեց, հետո իմացավ թե որտեղ է ապրում, նրա մորը բան ուղարկեց տոների համար և միշտ օգնում էր։ Չարն այնտեղ, բարին այստեղ։ Կամ՝ նույն պատմության մի ուրիշ վարիացիա։ Եվ այսպիսի գրվածներով են կերակրում մանուկներին, կարելի է ասել, համարյա բոլոր մանկական գրքույկները ամեն տեղ։ Ընթերցողը կարդացած կլինի նույն ուղղությամբ ու ոգով և ուրիշ գրվածներ, ուրիշ նյութերի մասին։ Ինչո՞ւ համար է այս բոլորը, ի՞նչ են ուզում սրանով ասեն. կարծում են թե սա կրթո՞ւմ